23.11.2024
ՀՀ ՊՆ. Վթարի հետևանքով մահացել է ժամկետային զինծառայող
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ը հատուկ աշխատակիցներ է գործուղում «ՀԷՑ»

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է շաբաթվա կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում 2017 թվականից պարտադիր միջնակարգ կրթությունը կդառնա 12 տարի. այսինքն՝ 9-ամյա կրթությունից անցում կկատարվի 12-ամյայի: Սակայն շատերի համոզմամբ՝ այս համակարգին անցնելու արդյունքում լուրջ խնդիրներ կառաջանան, եւ կսրվի գյուղերում առկա սոցիալական լարվածությունը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ պարտադիր 12-ամյա կրթությանն անցում կատարելը շատ կարեւոր է, քանի որ ամեն տարի իններորդ դասարանն ավարտելուց հետո 4.5-5 հազար աշակերտ չի շարունակում կրթությունը ոչ միայն ավագ դպրոցում, այլեւ մյուս հաստատություններում: Իսկ, ահա, շատերը պնդում են, որ այս համակարգին անցնելու դեպքում լուրջ խնդիրներ են ի հայտ գալու: Դրանք հիմնականում կառաջանան գյուղական վայրերում, որտեղ միջնակարգ կրթությունն ավարտելուց անմիջապես հետո երիտասարդը զբաղվում է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, որպեսզի կարողանա իր ծնողի հոգսը թեթեւացնել եւ ընտանիք կերակրել: Իսկ այս համակարգին անցնելու դեպքում դա չի կարող անել:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին խիստ ակտիվացել են որոշ նախկին պաշտոնյաներ՝ սկսած նախկին նախարար-փոխնախարարներից, վերջացրած մարզպետներով և քաղաքապետներով: Նրանք փորձում են ճշտել «վերևների» տրամադրությունները՝ արդյոք մոռացե՞լ են իրենց գոյության և ծառայությունների մասին, թե՞ ոչ: Բանն այն է, որ ապրիլի 24-ից հետո սպասվում են կադրային փոփոխություններ, հնարավոր է կոալիցիայի ձևավորում, պորտֆելների վերաբաշխում և այլն: Լավատեղյակ մեր աղբյուրը, ով ևս հավակնում է որևէ պաշտոն ստանալ կադրային փոփոխություններից հետո, պատմեց, որ նախագահին մհտ կանգնած պաշտոնյան իրեն ասել է՝ «սպասիր, ապրիլի 24-ն անցնի, հետո տեսնենք ինչ է լինում, ում են փոխում, որտեղ քեզ կկարողանանք տեղավորել»: Պարզվում է, որ նա միակը չէ, ով շունչը պահած սպասում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ավարտին: Այս օրերին մի շարք նախկին պաշտոնյաներ մասնավոր զրույցներում ասում են՝ «դե տեսնենք ինչ է լինում, հնարավոր է փոփոխություն լինի»»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ղեկավարության մոտ, ըստ ամենայնի, որոշակի կասկածներ են առաջացել «ՀԷՑ»-ի գործունեության և ֆինանսական հոսքերի կառավարման շուրջ: Մեր տեղեկություններով, վերջին շրջանում «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ը հատուկ աշխատակիցներ է գործուղում «ՀԷՑ», որտեղ նրանք նշանակվում են այնպիսի պաշտոնների, որ կարողանան վերահսկել ընկերության ֆինանսական ամբողջ անցուդարձը: Նման կասկածների համար հիմքերը ավելի քան բավարար են: Խնդիրն այն է, որ «ՀԷՑ»-ն անընդմեջ պարտքեր է կուտակում չնայած այն հանգամանքին, որ երկու տարուց էլ պակաս ժամանակահատվածում էլէներգիան Հայաստանում արդեն թանկացել է ընդհանուր առմամբ 40 տոկոսով, սակայն դա ոչ միայն չի հանգեցրել «ՀԷՑ»-ի եկամուտների աճին, այլ ընդհակառակը «ՀԷՑ»-ը հայտնվել է սնանկացման եզրին»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության հանրահավաքը` ի պաշտպանություն արդեն տասն օր շարունակ անազատության մեջ պահվող իրենց քաղբանտարկյալ ընկերների: Այս հանրահավաքը, ի տարբերություն «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած մյուս բոլոր միջոցառումներից, ամենամարդաշատն էր` դրան մասնակցում էր մոտ հազար մարդ: Հանրահավաքից հետո մասնակիցները, ի պաշտպանություն քաղբանտարկյալների, երթ անցկացրին: Հանրահավաքում ելույթ ունեցած պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, թե եկել է գործելու ժամանակը, եւ ազատամարտիկներին կոչ արեց երկուշաբթի օրը, ժամը 14-ին միանալ իրենց՝ Ազատության հրապարակում կազմակերպվելիք հացադուլ-նստացույցին: Հաշվի առնելով, որ ՀՀ իշխանություններն ուղիղ տեքստով հայտարարել են՝ ապրիլի 23-ին եւ 24-ին պաշտոնական միջոցառումներին խանգարող բողոքի ակցիաների կազմակերպիչներին չեն հանդուրժելու, ուստի բացառված չէ, որ առաջիկա օրերին քաղբանտարկյալների թիվը աճի»: