25.11.2024
Կառավարությունը 3.5 մլրդ դրամ կհատկացնի Sinopharm և Pfizer պատվաստանյութ ձեռք բերելուն
prev Նախորդ նորություն

Արագածոտնի մարզում կկառուցվի բազմաֆունկցիոնալ լեռնային հանգստավայր

Կառավարությունը հավանություն է տվել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրին, որը կիրականացվի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում:


Ընկերությունը նախատեսում է հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։ Ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: Լեռնային համալիրի կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180,000 դրամ աշխատավարձով։


Կառուցվող համալիրը հնարավորություն է ունենալու սպասարկելու օրական 6000 հաճախորդի (տարեկան՝ 2,160 հազ. մարդ/օր)։ Նմանատիպ հանգստյան վայրերում 1 հաճախորդի միջինում անցկացնելիք ժամանակը գնահատվում է 4 օր, հետևաբար համալիրը հնարավորություն կունենա սպասարկելու տարեկան միջինը շուրջ 500 հազ. հաճախորդի։ Կանխատեսվում է, որ 1 հաճախորդի կողմից ծախսը միջինում կկազմի 100 հազար դրամ, ինչը նշանակում է, որ համալիրի կառուցման արդյունքում կլինի տարեկան լրացուցիչ շուրջ 20 մլրդ դրամի ծառայությունների ծավալի ավելացում։ Գնահատվում է, որ համալիր ի շահագործմամբ կստեղծվի տարեկան 12.6 մլրդ դրամ լրացուցիչ ավելացված արժեք, որն այլ հավասար պայմաններում կնպաստի ՀՆԱ-ի աճին մոտ 0.2 տոկոսային կետով։ Արդյունքում պետբյուջե կվճարվի ավելի քան 1.2 մլրդ դրամ հարկ:


Ծրագրի իրականացման հետագա փուլերում նախատեսվում է ընդյայնել համալիրը՝ ներառելով այլ ծառայություններ ևս: Ընկերությունը պատրաստվում է շուրջ 15 միլիարդ ՀՀ դրամ ներդնել միայն ճոպանուղու և սահուղիների կառուցման համար, ինչը կդառնա իր շուրջ զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և ամենակարևոր գրավականը։ Նոր ներդրողներ ներգրավելու միջոցով ընկերությունը նախատեսում է ապահովել ևս 15 միլիարդ դրամի ներդրում՝ հյուրանոցային հատվածում։


Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում ներկայումս կա գործող 2 հանգստյան գոտի (Ջերմուկ և Ծաղկաձոր համայնքներում), որոնք առաջարկում են լեռնային, մասնավորապես՝ լեռնադահուկային ժամանց: Այդ գոտիներում զբոսաշրջիկների մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են, երկրորդ տեղում են ԻԻՀ-ից ժամանող այցելուները: