Արայիկ Հարությունյանն Արիության մեդալով է պարգևատրել Արգիշտի Քյարամյանին
Արցախի Հանրապետության իշխանությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, իսկ այժմ քննչական կոմիտեի փոխնախագահ Արգիշտի Քյարամյանին պարգևատրել են Արիության մեդալով:
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։
«Այո, տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Մեդալը երեկ է հանձնվել»,- ասաց նա։
Ավանեսյանի խոսքով՝ Քյարամյանը պարգևը ստացել է մարտական գործողությունների ընթացքում ունեցած ավանդի համար։ Արիության մեդալը շնորհվում է կոնկրետ ծառայությունների համար։
30-ամյա Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ–ն ղեկավարեց 2020 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր: Նա պաշտոնից ազատվեց հոկտեմբերի սկզբին՝ արցախյան պատերազմի ամենաթեժ պահին։ Սակայն հեռանալուց հետո էլ գրեթե ողջ պատերազմի ընթացքում գտնվել է Արցախում, մասնակցել Շուշիի պաշտպանության կազմակերպմանը, որի մանրամասների մասին պատմել էր այս տարվա հունվարին տված հարցազրույցներից մեկում։