27.11.2024
Մեկնարկել է զորացրման գործընթացը
prev Նախորդ նորություն

Հայաստանն Արցախին հատկացնում է ևս 8,7 մլրդ դրամի միջպետական վարկ

Հայաստանը ֆինանսական աջակցություն կտրամադրի Արցախին՝ Արցախի բնակչության 2021թ. հուլիս ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեով նախատեսված հուլիս ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար։


Կառավարության այսօրվա նիստում Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կհատկացվի 8,8 մլրդ դրամ, որից 1,2 մլրդ դրամը կօգտագործվի բնակիչների կողմից կոմունալ վճարների վճարման համար, իսկ մնացածը՝ միջպետական վարկի տրամադրման շրջանակում կհատկացվի Արցախի Հանրապետությանը:


«Այս տարվա Արցախին հատկացվող միջպետական վարկն ունեցել է նույն տրամաբանությունը, ինչ մինչ պատերազմը, եւ այն գրեթե ամբողջությամբ սպառվել է առաջին կիսամյակում, քանի որ սեփական տնտեսությունը նոր եկամուտներ հնարավորություն չի ունեցել գեներացնել: Դրանով պայմանավորված լրացուցիչ պետական վարկի տրամադրելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասաց Ջանջուղազյանը:


Իր հերթին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս որոշմամբ Հայաստանն Արցախին հատկացնում է եւս 8,7 մլրդ դրամի միջպետական վարկ.


«Այսպիսով, Արցախին մեր աջակցության փաթեթը կազմում է արդեն 83 մլրդ դրամ, որից 52 մլրդ դրամն արդեն ծախսվել է: Այդ ծրագրերը պետք է վերանայման ենթարկվեն, որպեսզի վերականգնման ծրագրերը փոխարինվեն զարգացման ծրագրերով, որպեսզի Արցախի տնտեսությունն սկսի աշխատել, գումարներ գեներացվեն, իսկ մեր աջակցությունը ծախսվի զարգացման ծրագրերի վրա»,- հավելեց Փաշինյանը: