24.11.2024
ԱՄՆ-ն քննարկում է Ադրբեջանին հատկացվող օգնությունը դադարեցնելու հարցը. EADaily
prev Նախորդ նորություն

Եվրամիությունը վերացնում է ԵՄ-ի պատվաստված քաղաքացիների ուղեւորության սահմանափակումները

Եվրոպական միության անդամ երկրների քաղաքացիներն ու ռեզիդենտները կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո կկարողանան անարգել ուղեւորություններ կատարել համայնքի ներսում: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը։


Նրա խոսքով՝ այդ որոշումը համաձայնեցվել է ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեի կողմից։ «Մենք սպասում ենք նրա արագ հաստատմանը ԵՄ Խորհրդում հաջորդ շաբաթ», - հայտարարել է Վիգանդը: Նշվում է, որ «անդամ պետությունները համաձայնության են եկել ազատ տեղաշարժի վերականգնման հարցում»։


Ընդունված որոշման համաձայն՝ ԵՄ քաղաքացիները, որոնք ամբողջական պատվաստում են անցել ուղեւորությունից առնվազն 14 օր առաջ, կկարողանան ազատորեն տեղաշարժվել համայնքի սահմաններում: Այդ նպատակով Եվրամիությունում գործարկվում է պատվաստումների հավաստագրերի համակարգը, որը պետք է ամբողջ ծավալով աշխատի արդեն հուլիսի 1-ին:


Վիգանդի խոսքով՝ «այժմ կարելի է վստահ լինել, որ կորոնավիրուսային հավաստագրի ներդրման կապակցությամբ եվրոպացիները կկարողանան անվտանգ վայելել ամառային արձակուրդներն առանց սահմանափակումների»:


Այս հավաստագրերը պարունակելու են տեղեկատվություն COVID-19-ի պատվաստման, բացասական PCR թեստի կամ փոխանցված հիվանդության փաստի եւ անձեռնմխելիության առկայության մասին: Այն կարելի է օգտագործել բջջային հեռախոսի եւ QR կոդի միջոցով: