24.11.2024
Պատերազմին մասնակցած ևս 2735 անձ ուսման վարձի փոխհատուցում կստանա. կառավարություն
prev Նախորդ նորություն

Եթե հայ գերիները չվերադարձվեն, դրանք կփոխանակվեն գերիների հետ. Անդրանիկ Քոչարյան

Եթե Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված 6 հայ զինծառայողների վերադարձի խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, ապա գերիները կփոխանակվեն գերիների հետ։ Այդ մասին մայիսի 27-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:


Մայիսի 27-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, համաձայն ՊՆ-ի հաղորդագրության, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Քաղաքական իշխանության գնահատականն ավելի խիստ է՝ հայ զինծառայողներն առևանգվել են ՀՀ տարածքից: Այդ մասին մասնավորապես հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


Այսօրվա միջադեպից երկու օր առաջ՝ մայիսի 25-ին, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող էր զոհվել։


Հայաստանի արևելյան սահմանին, նշել է ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը, շարունակում է պահպանվել լարվածությունը և դա ստեղծող կողմն Ադրբեջանն է: «Իրենք անընդհատ իրականացնում են պրովոկացիոն գործողություններ՝ մեզ դրդելով համապատասխան քայլերի», - նկատել է Քոչարյանն ու հավելել, որ եթե գերիների խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, գերիները փոխանակվում են գերիների հետ։ «Դա է թելադրում օրվա պարտադրանքը։ Մենք գերի չունենք, բայց երեկ իրենք էլ նոր գերիներ չունեին»,- նշել է Քոչարյանը։


Նկատելով, որ Ադրբեջանը ոչ միայն ձգձգում է մայիսի 12-ից առաջացած սահմանային խնդրի լուծումը, այլև նոր իրողություն է առաջ բերում, Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ ստեղծված իրադրությունը հղի է «շատ լուրջ հետևանքներով»: «Սա արդեն հղի է շատ լուրջ հետևանքներով և պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանը»,- ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը։


Քոչարյանը նկատել է նաև, որ ստեղծված իրադրությունում Հայաստանն ակնկալում է ՀԱՊԿ գործընկերների՝ Ադրբեջանի գործողությունների հստակ գնահատականը: «ՀԱՊԿ-ը պետք է արագ գործի», - ասել է նա:


Քոչարյանը նաև տեղեկացրել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը այսօր առավոտից «գտնվում է շատ կարևոր գործուղման մեջ Մոսկվայում»։ Նրա խոսքով, Հարությունյանի այցը երկու երկրների ռազմաքաղաքական գործակցության շրջանակում է։ «Նախարարը կգա և ինքը, եթե նպատակահարմար կգտնի, որոշ փակագծեր կբացի», - նշեց Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահը:


Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։