Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք՝ իրենց ճանապարհով. Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է խոսակցություններին, թե իր ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև գոյություն ունեն անհամաձայնություններ, որոնք էլ ստիպել են նրանց առանձին մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին:
Նշելով, որ իրենք, իսկապես, տարբեր դաշինքներով են հանդես գալիս ընտրություններին, Քոչարյանն այդուհանդերձ նկատել է, թե սա այն ակտուալ թեման չէ, որի շուրջ պետք է ինչ-որ բանավեճեր կամ քննարկումներ ծավալվեն։ Բացի այս, նա հարց է հնչեցրել՝ իսկ կա՞ երկու մարդ, որոնց միջև որևէ տարաձայնություն գոյություն չունի.
«Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք՝ իրենց ճանապարհով»,- հրավիրված ասուլիսում ասաց Քոչարյանը:
Բացի այս, նշեց նա, ընտրությունների ժամանակ բոլորը բոլորի հետ մրցակից են: Թեև այս ընտրությունները, շարունակեց նախկին նախագահը, տարբերվում են նրանով, որ կան մրցակիցներ, որոնց հետ կան անհաղթահարելի տարաձայնություններ Հայաստանի ապագայի նկատմամբ, անվտանգության հարցերում և այլն:
«Այսինքն՝ մրցակցային դաշտում կան մրցակիցներ, որոնց հետ ուղղակի հնարավոր չի որևէ համագործակցություն: Դրա շուրջ մենք ավելի առարկայական խոսակցություն կարող ենք ունենալ, երբ բոլոր դաշինքները գրանցվեն և մասնակցողների ձևաչափը պարզ լինի բոլորի համար»,- ընդգծեց նա: