25.11.2024
ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներ այցերից
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԺ երեք խմբակցությունները Արայիկ Հարությունյանին հրաժարականի պահանջ են ներկայացրել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել.


«Սիրելի՛ հայրենակիցներ, 2020թ. մայիսյան այս օրերին, Արցախի Հանրապետությունում Սահմանադրությամբ նախատեսված կարգով լիազորությունները ստանձնեցին նույն թվականի մարտի 31-ի և ապրիլի 14-ի ընտրությունների արդյունքում ընտրված նոր իշխանությունները՝ ԱՀ նախագահը և յոթերորդ գումարման Ազգային ժողովը:


Մի կողմ թողնելով 2020թ. համապետական ընտրությունների կազմակերպման, նախընտրական պայքարի և ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեր քաղաքական գնահատականները, պետք է ընդունենք, որ անցած տարին առանձնացավ բազմաթիվ փորձություններով և աղետալի զարգացումներով, որի կիզակետը դարձավ 2020թ. աշնանը մեզ պարտադրված պատերազմը:


Անցած տարվա ընթացքում մենք բախվեցինք պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի բազմաշերտ ազդեցության. հազարավոր նահատակներ, վիրավորներ, հարյուրավոր անհայտ կորածներ, գերիներ և պատանդներ, Արցախի Հանրապետության մեծ մասի կորուստ, տասնյակ հազարավոր գաղթականներ և ազգային հարստության մի ստվար հատվածի կորուստ՝ ահա այն, ինչ ունենք 2020 թվականի համապետական ընտրություններից և նախագահի պաշտոնավորումից մեկ տարի անց:


Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմի արդյունքում Արցախը կանգնեց քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ու ժողովրդագրական մարտահրավերների առջև, որոնց շուտափույթ և արդյունավետ լուծումից է կախված Արցախի Հանրապետության լինելությունն ու ապագան:


Պատերազմից անմիջապես հետո ԱՀ Ազգային ժողովի չորս խմբակցություններով հանդես գալով իրավիճակի գնահատմամբ՝ առաջարկել ենք Հայաստանի ու Արցախի փաստացի ղեկավարներին հրաժարական տալ՝ ճանապարհ բացելով հայկական երկու հանրապետություններում կենսական պահանջ դարձած փոփոխությունների և ճգնաժամային կառավարման համար:


Հաշվի առնելով Արցախի հանրապետության սահմանադրական կարգավորումները՝ մենք այն ժամանակ չպնդեցինք Արցախի նախագահի անհապաղ հրաժարականի պահանջի վրա և, ավելին, մեր պատրաստակամությունը հայտնեցինք քաղաքական խորհրդատվությունների միջոցով համախոհության միջավայր ձևավորելուն: Որոշ հույսեր կային, որ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը ճիշտ կընկալի ստեղծված կացությունը: Նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին նրա կողմից հրապարակված ուղերձը պարունակում էր երկրի ապագայի և պետական կառավարման համակարգը բարեփոխելու հետ կապված մեր առաջարկած դրույթները:


Սակայն, հետագա գործընթացները ցույց տվեցին, որ Արայիկ Հարությունյանը շահագրգռված չէ պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջնորդվում է ՀՀ հեղինակազրկված իշխանությունների ցանկությունները բավարարելու մտադրությամբ: 2020թ. նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ եռակողմ հայտարարությունից հետո, անցած վեց ամիսների ընթացքում ԱՀ նախագահի գլխավորած կառավարությունը և խմբակային նեղ շահերից դրդված, խորհրդարանում մեկընդմերթ ստեղծվող ու քանդվող անհամադրելի քաղաքական կոալիցիաները որևէ համարժեք բացատրություն և առաջարկ չեն ներկայացրել մեզ պատուհասած աղետի և դրանից դուրս գալու մշակված ծրագրերի մասին:


Դրան հակառակ ԱՀ նախագահը և իր ձևավորած իշխանական ուռճացված թիմը հանրության համար անհասկանալի քարոզչական արշավ ծավալեց՝ աղետալի պատերազմում պարտության և ձախողումների մեղքը բարդելով նախկին իշխանությունների, բանակի, պահեստազորայինների ու կամավորականների, վերջին հաշվով՝ ժողովրդի վրա: Այսօրվա


Արցախի իշխանությունները ամեն ինչով ձգտում են նմանվել ՀՀ գործող իշխանություններին, որոնք մշտապես ապացուցում են օրեցօր ահագնացող ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու իրենց անկարողությունն ու անընդունակությունը: Սուտը, վիրավորանքը, զրպարտությունը, հանրության բաժանումը «յուրայինների» և «ոչ յուրայինների»՝ ահա այն միջավայրը, որը ստեղծվեց Արցախի Հանրապետության նախագահի և նրա ենթակայության տակ գործող իշխանավորների պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում:


Ելնելով այս իրողություններից՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները թարմացնում են 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ներկայացված Արցախի Նախագահի հրաժարականի պահանջը և կոչ են անում Արայիկ Հարությունյանին, սթափ գնահատելով իրավիճակը, հավատարիմ մնալ հրաժարական տալու իր պատրաստակամությանը եւ ԱՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով հանդես գալ արտահերթ ընտրությունների գործընթաց սկսելու մասին հայտարարությամբ:


Միաժամանակ, հաշվի առնելով Արցախի բնակչության շրջանում գերիշխող հանրային տրամադրությունները՝ պահանջում ենք Արցախի գործող նախագահից և իշխանություններից զերծ մնալ ՀՀ-ում նախատեսված արտահերթ ընտրություններին որևէ կերպ գործող իշխանություններին աջակցելու քայլերից և այդ նպատակով պետական ռեսուրսների օգտագործումից:»