Ադրբեջանը ՀՀ-ում ունի պայքարի գործակալներ. Փաշինյանը՝ սկանդալային տեսանյութի մասին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է մայիսի 19-ին համացանցում հրապարակված սկանդալային տեսանյութի մասին, թե ինչպես են ադրբեջանցիները վարվում հայ զինվորականների հետ:
Փաշինյանը նշեց, որ տեսանյութը մոլորեցնող է, քանի որ դրա տևողությունը երկու ժամ է: «Այդ տեսանյութի տևողությունը 2 ժամ է, սակայն հրապարակվել է 3 րոպե: Մարդիկ վերցնում ու հրապարակում են իրենց էջերում՝ թաքցնելով, որ դրա սկզբնաղբյուրն ադրբեջանական է: Սա ոչ այլ ինչ է, քան թիկունքում կատարվող քայքայիչ գործունեություն»,- ասել է նա:
Այնուհետև Փաշինյանը նկատել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքը չլքելու համար օգտագործում է որոշակի լծակներ:
«ՀՀ-ում Ադրբեջանն ունի շատ սպասելի դաշնակիցներ՝ բառիս բուն իմաստով: Ես ԱԽ նախորդ նիստերից մեկում արձանագրեցի, որ տեղեկատվական պայքարը ժամանակակից աշխարհում երբեմն ավելի կարևոր է լինում, քան՝ բուն դաշտում տեղի ունեցողը: Կրկին ուզում եմ ասել, որ չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանը ՀՀ քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ», - ասաց է նա:
Փաշինյանը նշեց, որ այդ մարդկանց գործունեությունը նոր չէ, քանի որ այդ մարդիկ անցյալ տարի Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա: «Այդ մարդիկ ցույց էին տալիս այն արահետները, որոնցով հնարավոր է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը», - հիշեցրեց նա:
«Հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի Ադրբեջանը հնարավորություն ունենա խուսափելու նրանից, ինչը պետք է անի: Հերթական անգամ հյուսվում է ՀՀ կառավարության կողմից գծագրվող դավադրությունն՝ ընդդեմ Հայաստանի», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը: