22.11.2024
ԱՀ նախագահը  ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ վարչության անդամներին
prev Նախորդ նորություն

Չստել և ոչինչ չթաքցնել, ստվերային պայմանավորվածությունների չգնալ. Մարուքյանը՝ Փաշինյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտնում է, որ պատերազմից դասեր չքաղած իշխանությունը վերստին ստվերային բանակցությունների մեջ է և նորից ժողովրդին չի տեղեկացնում իրեն սպասող ճակատագրի մասին։


«Իշխանությունը պատերազմի ժամանակ 44 օր ստում և մանիպուլացնում էր ժողովրդին՝ հավաստիացնելով, թե հաղթում ենք, բայց վերջում պարզվեց, որ ոչ միայն չենք հաղթում, այլև ջախջախվում և պարտվում ենք։


Իշխանությունը ժողովրդին հավաստիացնում էր, թե առանց քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ որոշում չի կարող կայացվել, բայց վերջում պարզ դարձավ, որ երկրի վարչապետը, քողարկված կերպով, բոլորից և նույնիսկ իր թիմակիցներից ծածուկ փաստաթուղթ է ստորագրել։


Իսկ ի՞նչ է կատարվում հիմա։ Ոչ ոք չգիտի։ Պատերազմից դասեր չքաղած իշխանությունը վերստին ստվերային բանակցությունների մեջ է և նորից ժողովրդին չի տեղեկացնում իրեն սպասող ճակատագրի մասին։ Մարդիկ անորոշության և չիմացության մեջ են. Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի բնակիչները չգիտեն, թե ինչ կարող է վաղը իրենց հետ պատահել։


Վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանին և կառավարող թիմի ներկայացուցիչներին հորդորում եմ խոսել ժողովրդի հետ և մանրամասն բացատրել իրերի իրական դասավորությունն ու ընթացքը։ Չստել և ոչինչ չթաքցնել, ստվերային պայմանավորվածությունների չգնալ և ժողովրդի մեջքի հետևում վիճահարույց փաստաթղթերի տակ չստորագրել։


Խնդրի խորությունը կրկնապատկվում է հատկապես այն հանգամանքով պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակ ունի, իսկ պաշտոնակատարը չի կարող իրեն գործունեության անսահման և անվերահսկելի ազատություններ տալ, հատկապես պետության համար ճակատագրական հարցերում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։


Ավելի վաղ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամյան ալիքում հրապարակել էր, իր խոսքով, Փաշինյանի, Պուտինի և Ալիևի նոր հայտարարության տեքստը, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի մասին: Դա, Միքայել Մինասյանի խոսքերով, նրանք պատրաստվում են շուտով ստորագրել: