«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար առաջադրումների փուլը մեկնարկել է, եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կոչ է անում առաջադրել հերոսների ամբողջ աշխարհից: Այս մասին հաղորդագրություն է տարածել IDeA հիմնադրամը:
Հայտարարությունն արվել է Մատենադարանում կայացած հատուկ միջոցառման ընթացքում, երբ, ավանդույթի համաձայն, հայտարարվեցին նաեւ 2021 թ. «Ավրորայի» հերոսների անունները:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգում են սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի և ունեցած ազդեցության: Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:
«2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր դառնալն անչափ օգնել է մեզ: Այն ավելի մեծ արժեք հաղորդեց մեր ջանքերին եւ այնքան շատ դռներ բացեց մեր առջեւ՝ մեր ազդեցությունն ավելի մեծացնելու համար: Մեր աշխատանքի մեջ աջակցությունն այնքան մեծ նշանակություն ունի: Այդ պատճառով մենք խրախուսում ենք յուրաքանչյուրին, որտեղ էլ ապրելիս լինեն, այս մրցանակին առաջադրելու այն մարդկանց, որոնք ոգեշնչում են իրենց: Երբեք չգիտես, դա կարող է լինել այն օգնությունը, որի կարիքն ունի ձեր հերոսը հենց այս պահին»,- ասել է Իլվադ Էլմանը, որը մոր՝ Ֆարթուն Ադանի հետ ղեկավարում է Սոմալիի «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը: Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը «Ավրորա» մրցանակի դափնեկիր ճանաչվեցին 2020 թվականին՝ ընտրվելով մրցանակի համար առաջադրված 585 եզակի թեկնածուներից:
Մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր անձ կարող է առաջադրման հայտ ներկայացնել թեկնածուների համար, որոնք, ըստ առաջադրողի, անձնական մեծ մարտահրավերներ են հաղթահարել, որպեսզի օգնության ձեռք մեկնեն այլոց: Յուրաքանչյուր առաջադրում ուսումնասիրում է մարդասիրության ոլորտի մասնագետներից կազմված Փորձագետների խորհուրդը: «Ավրորայի» հերոսներին, ապա «Ավրորա» մրցանակի դափնեկրին հավանական թեկնածուների վերջնացուցակից ընտրում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը, որի կազմում են Նոբելյան դափնեկիրներ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ մարդու իրավունքների համաշխարհային ակտիվիստներ: «Ավրորա» մրցանակի թեկնածուներին առաջադրվող չափանիշների եւ ընտրության ընթացքի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
2022 թ. «Ավրորայի» հերոսները (մրցանակի հավակնորդները) կհայտարարվեն 2022 թ. ապրիլի 24-ին:
Գլխավոր լուսանկարը՝ «Ակվարիրուս» (Aquarius) նավը փրկարարական գործողության ընթացքում, 2018 թ. © Լորին Շմիդ/ SOS MEDITERRANEE
* * *
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:
«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի համաշխարհային շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի փրկողների շրջանակը, եւ ամենակարեւորը՝ կմեծանա փրկվածների թիվը:
Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:
Այս ութամյա հանձնառության (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923թթ.) նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությանը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի (1934-2021), Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Երեւան, Հայաստան):
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության:
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023 թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923 թթ.) շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, մարդու իրավունքների ակտիվիստ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ IMAGINE կազմակերպության համահիմնադիր նախագահ Փոլ Փոլմանը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը (1934 - 2021): Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:
Պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։ Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամներն են Կոստա Ռիկայի նախկին նախագահ եւ Նոբելյան դափնեկիր Օսկար Արյասը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական եւ գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը:
Մենք հարգում ենք Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, Մարդասիրության «Էլի Վիզել» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելի (1928-2016 թթ.) հիշատակը: