Կառավարության մայիսի 6-ի նիստում ընդունցած որոշման համաձայն, այն քաղաքացիները, ովքեր կունենան կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ պատվաստման հավաստագիր՝ կանաչ անձնագիր, Հայաստան մուտք գործելու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա։
Նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ սա Հայաստան մուտք գործելու պահանջն է։ «Այլ երկրների քաղաքականությունը ևս փոփոխվում է ժամանակի ընթացքում։ Եվ պետք է ուշադիր լինել, երկրից մեկնելու համար պետք է իմանալ, թե տվյալ երկիրն ինչ պահանջ է ներկայացնում», - ասել է նա՝ հավելելով, որ որոշ երկրներ արդեն իսկ ունեն նման քաղաքականություն, որ պատվաստման հավաստագիրը հեշտացնում է գործընթացը:
Նրա խոսքով, այնուհետև կգա ժամանակը, որ սահմանը հատելու միակ թույլատրելի միջոցը կլինի դա։ «Բայց մենք ևս փորձում ենք ժամանակից հետ չմնալ և մեր քաղաքացիներին զերծ պահել կատարվող ավելորդ հետազոտություններից և ֆինանսական միոջցներ ծախսելուց»,- կառավարության նիստում ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ Առողջապահության նախարարության կայքում մանրամասն ներկայացված է, թե ինչպես ներբեռնել հավելվածը, ինչպես դրանից օգտվել։
«Մի շարք երկրներ մուտքի համար արդեն իսկ պահանջում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ պատվաստման սերտիֆիկատ, մասնավորապես՝ Իսլանդիա, Իսրայել, Էստոնիա, Լեհաստան, Լիտվա, Սան Մարինո, Վրաստան, Ռումինիա, Սլովենիա, Նորվեգիա, Չեռնոգորիա:
Մի շարք երկրներ էլ նախատեսում են կիրառել միջազգային ճանապարհորդների համար COVID-19-ի դեմ պատվաստումը հավաստող փաստաթղթի (վկայական) պահանջ, օրինակ՝ Դանիա, Շվեդիա, Հունգարիա, Հունաստան, Իսպանիա, Սերբիա»,- նշված է առողջապահության նախարարության ներկայացրած որոշման նախագծի հիմնավորումներում։
«Փոփոխություն է կատարվել նաև մինչև մեկ տարեկան երեխաների՝ երկիր մուտք գործելու դեպքում ՊՇՌ թեստավորման պահանջում, այդ պահանջը հանվել է», - ասել է նա։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն նկատեց, որ Հայաստանում զբոսաշրջային ոլորտը վերականգնման շատ թույլ նախանշաններ է ցույց տալիս։ «Եվ այս առումով նույնպես կարևոր է, որ մենք հնարավորություն տանք զբոսաշրջիկներին, որոնք արդեն պատվաստվել են, առանց հավելյալ ստուգումների մուտք գործել երկիր»,- ասաց նա։