ՏՄՊՊՀ նախագահն անբարեխիղճ մրցակցության հարցը քննարկել է ԱՊՀ-ի շրջանակում
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր մասնակցել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 52-րդ նիստին, որն անցկացվել է տեսահամաժողովի ձևաչափով:
ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ կառույցի ղեկավարը հանդես է եկել ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով:
Գեղամ Գևորգյանը մասնավորապես մանրամասնորեն ներկայացրել է նոր կորոնավիրուսային համավարակի ընթացքում հանձնաժողովի իրականացրած միջոցառումները, անդրադարձ է կատարել վարչական վարույթների ընդհանրական ցուցանիշներին, օրենսդրական ոլորտում իրականացված բարեփոխումներին և այլ հարցերի:
Նիստի ընթացքում ներկայացվել են զեկույցներ խորհրդի նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի, ԱՊՀ 30-ամյակին նվիրված հարցերի, անբարեխիղճ մրցակցության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի, պետական գնումներում պայմանավորվածությունների բացահայտման և կանխարգելման, ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրության շտաբի գործունեության և օրակարգային այլ թեմաների շուրջ: