Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ ապրիլի 22–ին, կայացած ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է Բաքվում այսպես կոչված «ռազմավարի պուրակի» բացումը եւ պատասխանել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման եւ Սյունիքի մարզի ուժային զավթման մասին Իլհամ Ալիեւի սպառնալիքների վերաբերյալ հարցերին, որտեղից, Բաքվի կարծիքով, պետք է կառուցվի Նախիջեւանին կապող միջանցքը:
Ռուսաստանը հուսով է, որ գործնական հարթությունում Բաքուն եւ Երեւանը ձգտելու են այնպիսի քայլերի, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը, այլ ոչ թե նոր բաժանարար գծերի ստեղծմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվում այսպես կոչված «ռազմավարի պուրակի» բացումը:
«Ինչ վերաբերում է զբոսայգուն, ապա մենք հույս ունենք, որ գործնական հարթությունում Բաքուն եւ Երեւանը ձգտելու են այնպիսի քայլերի, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը, այլ ոչ թե բաժանարար նոր գծերի ստեղծմանը։ Նման գինը վճարվել… Հսկայական գին, մարդկանց կյանքեր: Պահը թե ողբերգական, թե ապագայի համար հույս տվող է: Պահից պետք է օգտվել խաղաղ նպատակների համար, այլ ոչ թե օգտագործել այն իրավիճակի էլ ավելի սրացման համար, քան նախկինում էր, չստեղծել բաժանարար գծեր, նոր գրգռիչներ։
Այո, դա դժվար է, հատկապես զինված հակամարտությունից հետո։ Շատ դժվար է հաղթահարել այն, այդ թվում՝ հոգեբանորեն։ Այո, շատերը համաձայն չեն արդյունքների հետ։ Շատերը ցանկանում են, որ շարունակվի, ինչ–որ մեկը ռեւանշ է ցանկանում: Արդյոք նման գրգռիչների, նման խնդիրների ստեղծումը կնպաստի կարգավորման ձեռքբերմանը, խաղաղության հաստատմանը։ Հարցի պատասխանն ակնհայտ է՝ ոչ»,- ասել է նա՝ հավելելով, որ այս պահին «մեր խնդիրը Հարավային Կովկասի երկրների համար վստահության եւ բարենպաստ առեւտրատնտեսական պայմանների ստեղծումն է»: «Դա բխում է բոլոր երկրների շահերից», - պարզաբանել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առավել ուժեղ գրգռիչներից մեկը վերացնելու համար: «Մենք աշխատում ենք ռազմագերիներին «բոլորին բոլորի դիմաց» բանաձեւով վերադարձնելու խնդրի վրա», - նշել է Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա նաեւ կոչ է արել կողմերին ձեռնպահ մնալ ռեւանշիստական եւ ռազմատենչ հռետորաբանությունից, որոնք կարող են տարածաշրջանը կրկին պատերազմի եզրին դնել: «Ադրբեջանն ու Հայաստանը պետք է շարժվեն եռակողմ հայտարարության հունով։ Ինչ վերաբերում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, ապա դա նույնպես տեղավորվում է եռակողմ հայտարարության շրջանակներում», - ասել է նա։