Բորիս Ավագյանը այսօր՝ ապրիլի 19, Երևանում ասուլիսի ժամանակ հնչեցրած կարծիքների համար ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: Այդ մասին ասված է ծառայության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։
«Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։
Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից», - ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Բորիս Ավագյանն այսօր մասնակցում էր ԱԺ-ում ընթացող Բաքվում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկմանը: Այդ քննարման ժամանակ նա մասնավորախես նշել է, որ գերիների վերադարձի խնդրի լուծման համար «պետք է անենք վերլուծություն և հասկանանք ընդհանուր ինֆորմատիվ դաշտը»:
«Վերջին շրջանում շատ ակտիվ սկսել է մի գործընթաց, շահարկում՝ «Իմ քայլի» պատգամավորներից ոմանք գերեվարված զինվորների ծնողներին հայտարարում են՝ գնացեք ՌԴ դեսպանի մոտ, և թող նա դիմի ՌԴ նախագահին այդ հարցով, իմ կարծիքով՝ անթույլատրելի է: Եթե պատգամավորն իր քաղաքացիներին ուղղում է օտարերկրյա դեսպանի մոտ, որ նա զեկուցի իր երկրի նախագահին, նա կոմպետենտ չէ և իր տեղում չէ», - ասել է նա:
Այնուհետև նա ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է Մեծամորի ատոմակայանի մասին՝ նշելով. «Մենք վերցրել ենք պարտականություն՝ սառեցնելու և կանգնեցնելու ատոմակայանի աշխատանքը, որը կունենա սարսափելի հետևանքներ մեր էներգետիկ անվտանգության վրա, նաև մեծ հարված կլինի տնտեսությանը»:
ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը, մեկնաբանելով Բորիս Ավագյանի՝ լրատվամիջոցների հետ հաղորդակցության դեպքերը, հայտարարել է, որ նա որևէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում և չի կարող նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել:
Բորիս Աավագյանն ավելի վաղ հանդես էր եկել աղմկահարույց հայտարարությամբ՝ մեղադրելով Արցախում ավելի քան 20 տարի գործող և ականազերծմամբ զբաղվող բրիտանական The HALO Trust կազմակերպությունը Արցախի ականապատված տարածքների քարտեզները թուրքական հատուկ ծառայություններին փոխանցելու մեջ։
Այդ օրերին մամուլում նաև գրվեց, որ Բորիս Ավագյանը Ռուսաստանում հետախուզման մեջ է գտնվում։ Ավագյանը նախորդ հոկտեմբերին, հարցազրույց տալով ռուսական մի կայքի, հայտարարել էր, որ Ռուսաստանում նա այլևս չի հետախուզվում: «Ինձ ստուգել են նշանակումից առաջ: Ես միայն Հայաստանի քաղաքացիություն ունեմ: Պարբերաբար շփումներ եմ ունենում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության հետ, իսկ այնտեղ արդեն մեկ կիլոմետր հեռավորություն կպահեին, եթե ինչ-որ բան այն չլիներ: Դա անցյալի օրերի գործ է»,- ասել էր նա:
Թեև Ավագյանը հայտարարել է, որ ինքն այլևս չի հետախուզվում ՌԴ-ում, բաց աղբյուրներն այլ բան են վկայում: ՌԴ ներքին գործերի նախարարության կայքում Բորիս Ավագյանը դեռ ներկայացված է հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում: