22.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. 961 նոր դեպք, 1075 առողջացած, 23 մահ
prev Նախորդ նորություն

Պետք է աշխատել ոչ թե շատ, այլ ուղեղով. տնտեսագետը՝ Էկոնոմիկայի նախարարին

Հայաստանն աշխատանքի արտադրողականությամբ զարգացած երկրներին զիջում է 8-10 անգամ։ Այդ մասին նշում է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունն առ այն, որ «զարգացած երկրներից բավականին հետ ենք մնում, ուստի պետք է ավելի շատ աշխատենք, որ լավ ապրենք»:


Երեկ կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարարն ասում էր, որ «մենք այդքան էլ լավ վիճակում չենք գտնվում, զարգացած երկրներից բավականին հետ ենք մնում, ուստի պետք է ավելի շատ աշխատենք, որ լավ ապրենք»։ Արդյունքում՝ հետևություն արվեց, որ եթե Ամանորի տոներին մենք 5 օր ավելի քիչ հանգստանանք, ապա մեր երկրի համախառն ներքին արդյունքը կաճի մոտ 170 մլն դոլարով, ինչն իրականաում մեր ՀՆԱ-ի շուրջ 1%-ն է կազմում։


Այս համատեքստում տնտեսագետն անդրադարձել է աշխատանքի արտադրողականության խնդրին, որի «մասին, ցավոք, քիչ է խոսվում և որի լուծման ուղղությամբ կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում»։ «Խոսքը մեր աշխատանքի արտադրողականության մասին է։ Ազգային վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում 1 աշխատողը տարեկան ստեղծում է շուրջ 13․700 դոլարի արտադրանք», - նշում է նա։


«Համաշխարհային բանկի զեկույցներում հրապարակված տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ մենք աշխատանքի արտադրողականությամբ զարգացած երկրներից հետ ենք 8-10 անգամ։ Այսպես՝ Լյուքսեմբուրգում այս ցուցանիշը 240․500 դոլար է, Իռլանդիայում՝ 168․300 դոլար, Նորվեգիայում 148․000 դոլար, ԱՄՆ-ում 133․000 դոլար, Ավստրալիայում և Սինգապուրում մոտ 109․000 դոլարև այսպես շարունակ։ Ավելին՝ եթե աշխատանքի արտադրողականության ցուցանիշը համեմատում ենք ԵԱՏՄ անդամ երկրներում, ապա պարզ է դառնում, որ թեև մենք և Բելառուսը գրեթե նույն արտադրողականությունն ունենք, բայց աշխատանքի արտադրողականությամբ էապես զիջում ենք թե´ Ղազախստանին (21․000 դոլար), թե´ Ռուսաստանի Դաշնությանը (24․500 դոլար):


Էկոնոմիկայի պատասխանատուի տրամաբանությամբ եթե շարժվենք, ապա կարելի է սահմանել, որ աշխատողն օրվա մեջ պարտավոր է ոչ թե 8 ժամ աշխատել, այլ՝ 16 ժամ, այս դեպքում մեր երկրի ՀՆԱ-ն 2 անգամ կաճի։ Կամ, օրինակ՝ եթե ուզում ենք, որ Հայաստանում մեկ աշխատողը գրեթե նույնքան արտադրանք տա, որքան Սինգապուրի մեկ աշխատողը, ապա նա պետք է աշխատի 8 անգամ ավելի, այսինքն՝ օրվա մեջ 64 ժամ։


Ակնհայտ է, որ առավել բարեկեցիկ ապրելու համար կառավարությունը ոչ թե պետք է մտածի, թե ինչպես կրճատի ոչ աշխատանքային օրերը կամ երկարացնի աշխատանքային օրը, այլ քայլեր ձեռնարկի երկրում աշխատանքի արտադրողականության բարձրացման ուղղությամբ։


Վերջում ուզում եմ հիշեցնել Սթիվ Ջոբսի խոսքերը․ «Պետք է աշխատել ոչ թե օրական 12 ժամ, այլ ուղեղով»։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում, բարեկեցության ապահովման համար ո՞ր ճանապարհով է պետք գնալ՝ Քերոբյանի, թե Ջոբսի», - հռետորական հարց է ուղղում տնտեսագետը: