25.11.2024
Սպանվել է զինծառայող. կասկածյալը ձերբակալվել է - Քննչական կոմիտե
prev Նախորդ նորություն

800 հա տարածքի կորուստը մադրիդյան սկզբունքների կենսունակությանը չի խոչընդոտում

Հայաստանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, անում է ամեն հնարավորը, որպեսզի կյանքի կոչվեն ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:

Վերջինս սակայն ավելացրեց, որ այս պահին պայմանավորվածությունները կյանքի կոչելու ժամկետների վերաբերյալ որևէ հստակություն չկա:

«Մի բան է, որ Ադրբեջանը հիմա փորձում է հետ կանգնել կամ ձևացնել, որ չկան նման պայմանավորվածություններ, բայց նման պայմանավորվածություններ ձեռք են բերվել: Բայց ես չեմ ուզում կանխատեսել, թե ինչ կանի հայկական կողմը, եթե Ադրբեջանը հրաժարվի կատարել իր պարտավորությունները»,- ասաց փոխնախարարը:

Նազարյանի խոսքով՝ մադրիդյան սկզբունքները շարունակում են մնալ օրակարգում: Դրանց կենսունակությանը, հավաստիացրեց ԱԳ փոխնախարարը, չի խոչընդոտում անգամ 800 հա տարածքի կորուստը: