Ղարաբաղի վերաբերյալ Հոգլանդի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ
Բացարձակապես չի համապատասխանում: Այսպիսին է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պատասխանը «Tert.am»-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության վերաբերյալ հարցին։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարել էր, թե իբր ռուս համանախագահ Իգոր Պոպովն իրեն ասել է, որ եթե նույնիսկ հայկական եւ ադրբեջանական կողմերը համաձայնեն Սերգեյ Լավրովի՝ ԼՂ հարցով գաղափարների հետ, ապա, միեւնույն է, ռուսական կողմը չի գնա դրանց իրականացմանը:
«Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել կարգավորման այն տարբերակին, որը կսատարեր հակամարտության կողմերը։ Այս մասին բազմիցս ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Այս դիրքորոշումը որոշիչ է ռուսական համանախագահության աշխատանքում։
Ինչով էր առաջնորդվում Ռիչարդ Հոգլանդը, ով նման հայտարարությամբ էր հանդես եկել, ես գուշակել չեմ պատրաստվում։
Ցանկանում եմ ընդգծել, որ կարգավորման առաջարկների փաթեթը, բացի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հռչակագրից, ներառել է նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը՝ ի աջակցություն դրա։
Այդ երկու փաստաթղթերը, գումարած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, կազմում էին այն ժամանակի ռուսական առաջարկների էությունը, որոնց մասին մանրամասն տեղեկացված էին համանախագահ մյուս երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, և որոնք նրանք լիովին աջակցում էին», – ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հրապարակված պատասխանում։