«Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծն այսօր, ապրիլի 8-ին, արժանացավ Կառավարության հավանությանը:
Հարցը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած անձանց Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու, և առաջնորդվելով մարդասիրության և համերաշխության սկզբունքներով՝ Կառավարությունը որոշել է հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ», - նշել է նա:
Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ (մինչև Ադրբեջանի Հանրապետության կողմից պատերազմի սանձազերծումը) 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:
Մասնավորապես՝ Նախագծով առաջարկվում է՝
1. համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց`
ա. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի.
բ. որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
գ. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:
2. համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:
Հատկանշական է, որ համաներման շահառու են դառնալու նաև նշված հոդվածի հիման վրա հետախուզման մեջ գտնվող անձինք: Այսինքն՝ նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։
Նախնական տվյալներով, այս համաներման շահառուների թիվը կարող է լինել 5000 և ավելի։
Նախագծի համաձայն՝ hամաներումը չի կիրառվելու`
1. այն անձանց նկատմամբ, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, բացի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածով.
2. մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան.
3. այն անձանց նկատմամբ, որոնց դեպքում վերջին տասը տարվա ընթացքում`
ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, կամ
բ. որոնց պատիժը կրելուց ազատել են Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, կամ
գ. որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա:
4. այն անձանց նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարել են մեկ այլ գործով նշանակված՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում սահմանված փորձաշրջանի ընթացքում։
Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարվեց անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: