Զոհված զինծառայողների ընտանիքներին ներվել են 3 մլրդ դրամի վարկեր. նախարար
Ներվել են զոհված զինծառայողների ընտանիքների շուրջ 3 մլրդ դրամի վարկային պարտավորությունները: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Նա տեղեկացրել է, որ դեռևս ռազմական գործողությունների ընթացքում կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ ուղղումներ կատարելով Հարկային օրենսգրքում, որոնց շնորհիվ բանկերը եւ վարկային կազմակերպությունները հնարավորություն են ստացել ներել վարկային պարտավորությունները՝ առանց լրացուցիչ հարկային բեռներ վերցնելու:
«Այս պահին, իմ տվյալներով, բանկերն ու վարկային կազմակերպությունները ներել են 3 մլրդ-ի վարկային պարտավորությունները, իսկ գուցե արդեն ավելի», - հայտարարել է նախարարը: Մեկնաբանելով ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններն այն մասին, որ զոհվածների ընտանիքներին զանգահարում են եւ պահանջում վճարել վարկերի դիմաց, Առաքելյանը նշել է, որ չի բացառում նման բացերի հնարավորությունը՝ անտեղյակության պատճառով:
«Պաշտպանության նախարարությունը Կենտրոնական բանկի միջոցով առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին է փոխանցել զոհերի և վիրավորների անձնական տվյալները։ Այսինքն՝ համակարգային խնդիրներ այս հարցում չկան։ Բայց ես չեմ բացառում այդ գործընթացում որոշակի բացթողումներ։ Երբ նման հարցեր են առաջանում, եւ մեզ մոտ այդ մասին տեղեկություններ են ստացվում, մենք փորձում ենք հնարավորինս օպերատիվ լուծել խնդիրը», - հավաստիացրեց Առաքելյանը։