Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության անդամներ Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի, ինչպես նաև անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանի և Սերգեյ Բագրատյանի ներկայացրած Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:
Փոփոխություններն ընդունելուն կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0: Մի քանի ժամ անց արտահերթ նիստը կշարունակվի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխությունների քննարկման եւ ընդունման համար, քանի որ օրինագիծը դիտարկվում է արագացված 24-ժամյա ռեժիմով: Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է արտահերթ նիստը և քննարկումներին չի մասնակցել: Մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը», քննարկումներին մասնակցել է, բայց բոյկոտել է քվեարկության ընթացակարգը։
ԼՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է ներկայացված փոփոխություններին, որոնք ենթադրում են ռեյտինգային համակարգից հրաժարում և «փակ» համամասնական համակարգի ներդրում: ԼՀԿ-ում նշել են, որ կողմ են «բաց համամասնական ընտրակարգին», որի դեպքում խմբակցությանը կձեւավորեն ընտրողները, այլ ոչ թե կուսակցական ղեկավարությունը: Բացի այդ, նրանք նշել են, որ անընդունելի են համարում ընտրությունների նախօրեին խաղի կանոնների փոփոխությունը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը իշխող ուժի կողմից միանձնյա, առանց ընդդիմության մասնակցության հարցականի տակ կդնի առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը: Նա նշել է, որ իշխող ուժը նույնիսկ չի կարող ճիշտ նույնականացնել խնդիրը։ Մարուքյանը հավելել է, որ իշխող դաշինքի ներկայացուցիչներից ոմանք ռեյտինգային համակարգն անվանել են չարիք, կրիմինալի խորհրդարան անցնելու մեխանիզմ:
Պատգամավորը հարց տվեց, թե ռեյտինգային համակարգով անցած «Իմ քայլը» խմբակցության քանի անդամների կարելի է համարել կրիմինալի ներկայացուցիչներ: «Խնդիրը ոչ թե ընտրակարգն էր, այլ ընտրակաշառք բաժանելը։ Դուք նույնիսկ չեք կարող ճիշտ նույնականացնել խնդիրը», - վրդովվեց Մարուքյանը։ Այդ փոփոխությունների ընդունմամբ իշխող մեծամասնությունն իր գերեզմանն է փորում, վստահ է ընդդիմադիրը։ «Դա (ԸՕ– ում փոփոխությունների ընդունումը - խմբ.) ձեր վերջը կլինի։ Իմացեք», - ընդգծեց Մարուքյանը։
«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները նշում էին, որ խաղի կանոնները չեն փոխվում, այլ պարզեցվում են։ Այսօրվա նիստի շրջանակներում ԸՕ-ում ուղղումները ներկայացվեցին մասամբ, դրանք վերաբերում էին միայն ռեյտինգային համակարգի վերացմանը եւ համաճարակի պայմաններում ընտրությունների անցկացման ընթացակարգերի օրենսդրական կարգավորման սահմանմանը:
Մնացած փոփոխությունները կքննարկվեն հերթական կարգով եւ առանց արագացված ռեժիմի: Սակայն փոփոխությունների այս մասը, որը նախատեսում է նաև խորհրդարան անցնելու պատնեշի նվազում, առաջիկա արտահերթ ընտրություններին չի վերաբերի։