Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը հերթական հոդվածն է հրապարակել տարբեր պատերազմներում Թուրքիայի կողմից վարձկանների օգտագործման մասին։ Այս հոդվածում լրագրողը բացահայտում է մանկահասակ երեխաների հավաքագրելու, նրանց վարձկաններ դարձնելու Թուրքիայի գործողությունների մասին։ Հոդվածը հրապարակվել է npasyria կայքում:
«2012-ին, երբ Սիրիայում հեղափոխությունը պայթեց, Ֆաջր Մաալիկին (կեղծանուն) 12 տարեկան էր և 6-րդ դասարանում: Մաալիկիի բազմանդամ ընտանիքն ապրում էր Իդլիբի ծայրամասում, և երբ Սիրիայի ազատ բանակը (FSA) ստեղծվեց Սիրիայի կառավարության դեմ պայքարելու համար, նրա հարազատներից շատերը միացան»,- ասվում է հոդվածում, որը թարգմանաբար ներկայացրել է panorama.am-ը:
«Իմ ընտանիքի տղամարդկանցից մոտ 40-ը դարձան FSA մարտիկներ: Հայրս չի անդամակցել FSA- ին, բայց նա աջակցել է նրանց»,- պատմել է Մաալիկին։
Մաալիկին 13 տարեկան էր, երբ իշխանամետ աշխարհազորայինները մոտեցան իր գյուղին, և նա առաջին անգամ զենք վերցրեց:
«Ես գնացի իմ զարմիկների հետ։ Այդ պահին մեզանից ոչ ոք իրականում մարզված չէր: Կարևոր չէր, գնացինք ու կռվեցինք», - ասել է նա, հավելելով, որ մայրը խնդրել է այլևս չգնալ, վերադառնալ դպրոց, ինչը չի արել։ Մաալիկիի արական սեռի հարազատները ոչ մի խնդիր չեն տեսել նրա դեռահաս տարիքի մեջ, ոչ էլ նրա առաջին FSA հրամանատարը, որը գովել է նրան դպրոցը լքելու ու մարտին միանալու համար:
Մաալիկիի պատանեկան տարիների մեծ մասն անցել է սիրիական մարտադաշտերում...
Հորդվածում նշվում է նաև, որ Թուրքիան երեխաներին հավաքագրում է ոչ միայն Լիբիայի համար, քանի որ այս հարցը գոյություն է ունեցել շատ առաջ, երբ Թուրքիան առաջին սիրիացին ուղարկեց Լիբիա, և այն գոյություն կունենա նաև մինչ վերջին սիրիացին կլքի Լիբիան։
Մաալիկին պատմել է, որ երբ Թուրքիան SNA-ի խմբավորումներին ուղարկեց Ադրբեջան՝ աջակցելու ադրբեջանական ուժերին Լեռնային Ղարաբաղի վրա 2020 թ. սեպտեմբերին սկսած հարձակմանը, նրանց մեջ նույնպես երեխաներ կային:
Ֆաջր Մաալիկին մեծ հույսեր չի կապում Սիրիայի կամ նրա երիտասարդության ապագայի հետ:
«Մեր հեղափոխությունը մեռած է: Սիրիայի ազգային բանակը պարզապես վարձկաններ են Թուրքիայի համար: Էրդողանը մեզ ուղարկել է Լիբիա, Ադրբեջան: Բազմաթիվ լուրեր կան այն մասին, թե որտեղ է հաջորդ անգամ ուղարկվելու SNA-ը: Երիտասարդ սերունդը, նրանք, ովքեր դեռ նորածին էին պատերազմի ժամանակ, անգրագետ են, անկիրթ և միամիտ: Կարծում եմ ՝ նրանք կմնան Թուրքիայի ստրուկը»,- ասել է Մաալիկին։