VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Իրավունք» թերթը գրում է. «Արդյոք ՀՀ-ին պետք է այլընտրանքային զինծառայությունը։ Սա այն հարցերից է, որը հնչեց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Տարբեր տեսակետներ հնչեցին։ Մի մասը կարծում է, որ այլընտրանքային զինծառայությունից օգտվողներն այնքան քիչ են, որ դրանից մեր անվտանգությունը չի տուժում, մի մասի կարծիքով էլ՝ պետք է այլընտրանքային զինծառայողների ներուժն օգտագործել Արցախում, որտեղ կամավորական աշխատանքի կարիք կա։ «Իրավունքը» պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու 2014-2015-ին քանի՞ քաղաքացի է օգտվել այլընտրանքային զինծառայությունից։ Օգտվողները ավելի շատ Երևանի՞ց են, թե՞ մարզերից։ Կոնկրետ ո՞ր մարզերից են օգտվել այլընտրանքային զինծառայությունից։ Կրոնական ո՞ր փոքրամասնության ներկայացուցիչներն են օգտվում զինծառայության այս տեսակից։ Հաշվի առնելով ռազմական գործողություններից հետո Արցախի Թալիշ գյուղի վիճակը՝ հնարավո՞ր է այլընտրանքային զինծառայությունից այս տարի օգտվողները ծառայությունն անցնեն Թալիշում, օրինակ, մասնակցեն Թալիշ գյուղի վերականգման աշխատանքներին։ Հարցման պատասխանից պարզ է դառնում, որ 2014-2015-ին այլընտրանքային զինծառայությունից օգտվողների թիվը չի փոխվել՝ 144։ Նրանցից 64-ը Երևանից են, 20-ը՝ Արմավիրի մարզից, 5-ը՝ Արագածոտնի մարզից, Արարատի մարզից՝ 17, Կոտայքի մարզից՝ 12, Լոռու և Շիրակի մարզերից՝ 9-ական, Գեղարքունիքի մարգից՝ 4, Սյունիքի և Տավուշի մարզից՝ 2-ական։ Բոլորը «Եհովայի վկաներ» են։ Այս թվերից կարելի է որոշ չափով պատկերացնել, թե «Եհովայի վկաներ»-ը որ մարզերում են ակտիվ՝ Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ
Միհրան Պողոսյանն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից հանրահայտ պանամյան օֆշորային գործի հետ առնչություն ունենալու համար, քիչ հավանական էր թվում հեռանկարը, որ նա պատասխանատվության կենթարկվի: Հայաստանի ղեկավարությունը որքան էլ ուզում է՝ կոկորդը պատռի, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, միեւնույն է՝ հանրությանը հայտնի է, որ գրպանահատը չի կարող «ջեբկիրների» դեմ պայքարել: Ինչպես հայտնի է՝ մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Միհրան Պողոսյանի օֆշորային գործունեության վերաբերյալ «Հետք» կայքում հրապարակված նյութում բերված փաստերի հիման վրա քրեական գործ հարուցվեց: Անցել է մոտ քսան օր, սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Միհրան Պողոսյանը մինչ օրս ո՛չ ՀՔԾ է հրավիրվել, ո՛չ էլ հարցաքննվել: Եւ արդեն կանխատեսումներ կան, որ 3-4 ամիս անց ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կկարճվի կամ կկասեցվի: Այս գործով արդեն «սառեցման մասին» քաղաքական հրահանգը տրված է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ 40 դատապարտյալ նամակով դիմել են
Սերժ Սարգսյանին եւ խնդրել են իրենց ներում շնորհել` խոստանալով ազատ արձակվելուց հետո մեկնել Արցախ եւ կամավոր զինվորական ծառայության անցնել: Երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը 8 դատապարտյալի նախօրեին ներում է շնորհել, որից վեցը հենց «Վարդաշեն» քրեակատարողականից են եւ նախկինում նրանք զինվորականներ են եղել եւ նույնիսկ սպայական կոչումներ են ունեցել: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Սերժ Սարգսյանին դիմած դատապարտյալների մեջ է եղել նաեւ պահեստազորի գնդապետ, Արցախյան պատերազմի հայտնի դաշտային հրամանատար Վոլոդյա Ավետիսյանը, որի դիմումը մերժվել է: Ըստ մեր տեղեկությունների՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ են արձակվել
Գեղամ Գաբրիելյանը,
Աշոտ Վարդանյանը,
Արմեն Ղազարյանը,
Զավեն Նալադյանը, Արթուր Ադամյանը եւ
Հրաչ Ալեքսանյանը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, շուրջ 3 ամիս է՝ վարչապետի վերահսկողական ծառայությունը նախարարություններից դուրս չի գալիս՝ ծառայողական մեքենաների պարկն է ուսումնասիրում։ Բանն այն է, որ դեռևս անցած տարեվերջին ավտոպարկի օպտիմալացման մասին հայտարարությունից հետո գերատեսչություններին հանձնարարվել է ներկայացնել, թե որտեղ ինչքան կրճատումներ կարող են անել։ Նախնական թվեր տվել են, բայց որոշ տեղերից ոչ ճիշտ ինֆորմացիա է փոխանցվել, ուստի վերահսկողականն այցի է գնացել։ Որոշ նախարարություններում բարդ սխեմաներ են գործում՝ աշխատակազմի վրա քիչ մեքենաներ են բաշխված, բայց գտնվել են «շուստրի» նախարարներ, որոնք ենթակա հիմնարկների մեքենաները բաշխել են իրենց «լյուբիմչիկներին», ինչը նախարարության բալանսում գրանցված չէ։ Արդյունքում բյուջեի վրա մեծ բեռ է առաջացել։ Երեկ հայտարարվեց 700-ից ավելի մեքենաների կրճատման մասին, կառավարությունում մտածում են նորմատիվները խստացնելու մասին, որ ավտոպարկը կրկին չուռճացվի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ծառայողական ավտոմեքենաների խնդիրը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց անցած տարվա վերջին, երբ 2016 թվականին պետական բյուջեի նախագիծը ԱԺ-ում քննարկելիս հայտնի դարձավ, որ պետբյուջեի միջոցներից ֆինանսավորվում է 1072 ծառայողական ավտոմեքենայի շահագործումը եւ պահպանությունը: Սա այն դեպքում, երբ, օրինակ, Հայաստանից մի հազար անգամ ավելի մեծ պետական բյուջե ունեցող Մեծ Բրիտանիայում ծառայողական ավտոմեքենաների թիվը հինգ անգամ ավելի փոքր է: Եւ, ահա, երեկ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը մատնանշեց, որ բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով: Ստացվում է՝ պետբյուջեից ֆինանսավորվող ավտոմեքենաները 1072-ից նվազում եւ դառնում են 965: Նկատենք, որ նույն Մեծ Բրիտանիայից ավելի քան չորս անգամ ավել է ստացվում: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան ունի 65 միլիոն բնակչություն, իսկ այդ երկրի պետբյուջեն 1 տրիլիոն 100 միլիարդ դոլար է կազմում, ծառայողական մեքենաներն այս հսկա ցուցանիշներով երկրում ընդամենը 190 հատ են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ 51 տոկոսը: Այդպիսով, կառավարության տնտեսական քաղաքականության արդյունքում Հայաստանի արտաքին պարտքը հատեց ՀՆԱ կեսը: Կասկած անգամ թող չլինի, որ շատ շուտով այդ ցուցանիշը է՛լ ավելի «կբարելավվի», որովհետև Հայաստանի կառավարության գործունեության արդյունքում անշեղ և դինամիկ աճում է երկու ցուցանիշ՝ արտաքին պարտքն ու աղքատությունը: Ընդ որում՝ պարզ չէ, թե ՀՆԱ արդեն 51 տոկոսը կազմող արտաքին պարտքի՝ մոտ 6 միլիարդ դոլարի քանի՞ տոկոսն է ծառայել պետության և հանրության կարիքներին, իսկ քանի՞ տոկոսն է հարստացրել իշխանության տարատեսակ և տարաբնույթ ներկայացուցիչների: Բայց Պավել Սաֆարյանը խորհուրդ է տվել չանհանգստանալ՝ ասելով, որ այդ ցուցանիշը վտանգավոր չէ, և Հայաստանի մակրոտնտեսական առաջիկա երեք տարիների հեռանկարում արտաքին պարտքի սպասարկման հետ կապված ռիսկեր չկան: Դե ինչ, հասարակությանն, ըստ երևույթին, մնում է միայն փառաբանել կառավարությանը, իսկ կառավարությանն էլ մնում է շարունակել արտաքին պարտքի կուտակումը, ինչը առաջիկա երեք տարիներին առնվազն տեղի է ունենալու, ինչպես կարելի է եզրակացնել Պավել Սաֆարյանի խոսքերից: Այսինքն՝ պարտքի մարման ռիսկեր չկան, հետևաբար չկան նաև պարտք վերցնելու ռիսկեր: Իսկ քանի որ չկան նաև տնտեսական քաղաքականության այլ մտքեր, գաղափարներ և պարզապես ցանկություններ, կամք ու երազանքներ, կառավարությունը, բնականաբար, կշարունակի պարտք վերցնելը»: