23.11.2024
Մամուլի տեսություն. վարչապետի վերահսկողական ծառայությունը
prev Նախորդ նորություն

Բաբայան. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նկատի ուներ ոչ թե բանակցային գործընթացն առհասարակ, այլ Վիեննայի հանդիպումը

«Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին կարևոր է Հայաստանի համար և այդ մասին մշտապես բարձրաձայնվել է: Կարծում եմ, Պավլովսկին նկատի ուներ ոչ թե բանակցային գործընթացն առհասարակ, այլ Վիեննայում կայացած հանդիպումը, որի շրջանակում Արցախի ներկայացուցչի մասնակցության մասին խոսք չի եղել, որովհետև Վիեննայի հանդիպումը ի սկզբանե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմակերպել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև»,- VERELQ-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Պավլովսկու այն հայտարարությունը, թե Հայաստանը պաշտոնապես չի առաջարկել ներառել Ղարաբաղը բանակցային գործընթացում:

Նշենք, որ հայտարարությունը ՌԴ ԱԳՆ պաշտոնյան արել է ՀՀ մի խումբ լրագրողների հետ հանդիպմանը` նշելով, որ Հայաստանի կողմից պաշտոնապես նման առաջարկ չի ստացվել:

Դավիթ Բաբայանի խոսքով, ուշ թե շուտ դա միևնույն է տեղի է ունենալու և Ղարաբաղը վերադառնալու է բանակցային սեղանին, որքան էլ Բաքուն դրան փորձում է խոչընդոտել: Իսկ քանի որ, կրկնեց նա, Վիեննայի հանդիպումը կազմակերպել էին ՄԽ համանախագահները, ոչ թե Հայաստանը, ապա բնական է, որ փորձել են կազմակերպել հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: «Ինչ վերաբերում է ընդհանրապես բանակցային գործընթացին, ապա բնական է, որ լիարժեք ձևաչափի վերականգնումը մեզ համար ունի կարևորագույն նշանակություն»,- շեշտեց ԼՂՀ նախագահի խոսնակը:

Խոսելով Վիեննայի հանդիպումից հետո Ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված հարաբերական անդորրին և քաղաքագետների կանխատեսումներին, որ դա խաբուսիկ է, իսկ պատերազմի հավանականությունը շարունակում է շատ բարձր մնալ, Բաբայանը նշեց, որ համեմատելով վերջին 1.5 ամսվա իրավիճակի հետ այսօր իսկապես համեմատաբար հանգիստ է, բայց հակառակորդը շարունակում է պարբերաբար դիմել սադրիչ քայլերի, այսինքն` ինքն իրեն չի դավաճանում: Օրինակ, երեկ երեկոյան և այսօր առավոտյան այրել է գյուղատնտեսական որոշ ցանկատարածություններ, ինչը ահաբեկչության դրսևորում է: Պաշտոնյան հիշեցրեց, որ նույնիսկ ժնևյան կոնվենցիաների համաձայն` պատերազմի իրավիճակում անգամ, նույնիսկ եթե ինչ-որ տարածք օկուպացվում է, իրավունք չկա այրելու գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքներ.«Սա հերթական անգամ ապացուցում է, որ գործ ունենք ահաբեկչական պետության հետ, որը չի հարգում ո’չ միջազգային իրավունքի, ո’չ բարոյականության նորմերը: Դա է մեր հարևանը և մենք միշտ պատրաստ ենք լինելու ցանկացած պահի կասեցնել նրա ագրեսիան»:

Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, Դավիթ Բաբայանը նկատեց, որ այդ վտանգը միշտ էլ կա, բայց այն այսօր անհամեմատ ավելի ցածր է մի շարք պատճառներով: Նախ, Ադրբեջանը մեծ կորուստներ է ունեցել ապրիլին իր իսկ կողմից սանձազերծած ավանտյուրայի ժամանակ և երկրորդը` միջազգային հանրությունը շատ հստակորեն նշել է, որ ցանկացած ուժային տարբերակ պարզապես բացառվում է:

Նշենք, որ VERELQ-ի հետ զրույցում, ի պատասխան Պավլովսկու այս հայտարարության, ՀՀ ԱԳՆ-ից ևս մեկ անգամ հաստատեցին Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը` Երևանը շարունակում է պնդել բանակցային գործընթացում Արցախի մասնակության անհրաժեշտությունը: