Գերինարի հարցը մեր օրակարգում է, և ամեն ջանք գործադրվում է. Եղիշե Կիրակոսյան
Մարտի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Քննարկվել են ետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր:
Արցախի խորհրդարանի ղեկավարը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերեվարված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը՝ առաջնային համարելով նրանց շուտափույթ հայրենիք վերդարձնելու հարցը:
Եղիշե Կիրակոսյանը ընդգծել է,որ հարցը օրակարգում է, և ամեն ջանք գործադրվում է՝ գործընթացին նպաստելու համար:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների անդամների մասնակցությամբ հանդիպմանը ներկայացվել է միջպետական իրավական գործընթացը: Հայաստանը Եվրոպական դատարան է դիմել պատերազմի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, պատերազմական հանցագործությունների առնչությամբ: Փետրվարի 1-ին ներկայացվել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատը:
Խորհրդարանականների կողմից բարձրացվեց տեղահանված բնակիչների գույքային իրավունքների ու գերեվարված հայերի ճակատագրի հարցը:
Համապատասխան պարզաբանումներով հանդես եկան ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի տեղակալ, գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ու իրավական փորձագետ Իգոր Միրզախանյանը: