VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրավունք» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նեղ շրջապատում անկեղծացել է, որ այլեւս չի աջակցելու Նիկոլ Փաշինյանին: Ավելին` նա քաղաքապետարանի ռեսուրսները չի ներդրել` մարտիմեկյան իշխանական հավաքին «գլխաքանակ» ապահովելու համար: Միեւնույն ժամանակ, ասել է, որ թաղապետարանների վրա ազդեցություն չունի` ինչ կանեն, թող անեն: Մարությանի այսպիսի դիրքավորումը Երեւանի ավագանու իմքայլականների շրջանում բավական «ծանր են տարել»: Իսկ թե ինչ հետեւանք կունենա ստեղծված լարվածությունը Մարությանի հետագա պաշտոնավարման վրա, ցույց կտա ժամանակը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանը 24-ժամյա ռեժիմով թիմակիցների հետ քննարկել է ներքաղաքական իրավիճակն ու երեկվա հանրահավաքի կազմակերպչական հարցերը։ «Իմ քայլի» հետ կիրակի օրվա հանդիպմանը չնայած շատ բացականեր են եղել, բայց պատգամավորներից մի քանիսը Փաշինյանին անուղղակիորեն մեղադրել են, որ արտահերթ ընտրությունները վիժեցնելու իր որոշման արդյունքում է իրավիճակն այսպես սրվել, ու կարծիք են հայտնել, որ պետք է ամեն գնով գնալ արտահերթի։ Մի այլ խումբ էլ Փաշինյանին վստահեցրել է, որ ոչինչ էլ տեղի չի ունեցել, ու պետք չէ գնալ զիջումների։ Ասել են՝ հանրահավաքի մարդաշատությամբ կփակենք ընդդիմախոսների բերանը, եւ խոստացել են 30-50 հազար մարդ հանել հրապարակ։ Այս արմատականների առաջամարտիկները եղել են Շիշ բռնող Հայկ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արփի Դավոյանը։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին չքմեղացել է, թե ԳՇ-ն իրեն պատերազմի ընթացքում ճիշտ չի զեկուցել իրավիճակը, ասել է, որ ինքն Արայիկ Հարությունյանից է տեղեկացել Շուշիի գրավման մասին։ Երբ հարցրել են Օնիկ Գասպարյանի «անսպասելի» հրաժարականի պատճառների մասին, Փաշինյանն ասել է, որ պատճառը «Իսկանդերի» հայտարարությունն է։ ԳՇ պետն իրեն զգուշացրել է ընդհանրապես չխոսել «Իսկանդերից», սակայն, ասել է՝ ինձ մեղադրում են դավաճանության եւ «Իսկանդերը» չկիրառելու մեջ, ինչպե՞ս կարող է լռել։ Մինչդեռ բանակի մեր աղբյուրներն ասում են, որ «Իսկանդերը» 10 տոկոսով պայթելու մասին հայտարարությունից հետո բարձրացած աղմուկը մեղմելու նպատակով Փաշինյանը պարտադրել է ԳՇ-ին՝ իրեն արդարացնող հայտարարությամբ հանդես գալ, բայց Օնիկ Գասպարյանը հրաժարվել է։ Դրանից հետո Փաշինյանը հրահանգել է՝ դիմում գրել հեռանալ, ինչին հաջորդել է ԳՇ հայտարարությունը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Տարբեր իրավաբաններ համաձայն չեն նախագահ Արմեն Սարգսյանի այն մոտեցմանը, որ ԶՈՒ ԳՇ պետին ազատելու վարչապետի միջնորդությունը հակասահմանադրականության տարրեր է պարունակում: Թեև Գլխավոր շտաբի պետը նշանակվում է 5 տարի ժամկետով, սակայն նա ցանկացած պահի կարող է ազատվել իր զբաղեցրած պաշտոնից, մանավանդ որ՝ խախտել է Սահմանադրության 14-րդ հոդվածը, ըստ որի զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն: Ըստ իրավաբանների՝ այստեղ իրավական վեճ չկա, վեճ է երկու սահմանադրական մարմինների միջև իրենց սահմանադրական լիազորությունները իրականացնելու գործընթացում, որը 1-2 օրում կհարթվի»։
«Իրավունք» թերթը գրում է. «Ավելի վաղ «Իրավունքը» գրեց, որ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն արդեն մի քանի օր է, ինչ ցանկանում է հրաժարական ներկայացնել, սակայն Նիկոլ Փաշինյանը վերջինիս թույլ չի տալիս: Օդում կախված լուրերի համաձայն` Նիկոլ Փաշինյանի եւ ոստիկանապետ Վահե Ղազարյանի միջեւ ինչ-որ խոսակցություն է տեղի ունեցել, որից հետո ոստիկանապետ Վահե Ղազարյանը փոխել է մտադրությունը: Կարճ ասած, ոստիկանապետը Նիկոլի ձեռքին դատապարտված է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություն արեց, որոնց բովանդակությունը կա՛մ հակասում էր, կա՛մ առնվազն չէր համընկնում իր՝ նախկինում արված հայտարարություններին։ 1. Փաշինյանը խոսեց Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ ասելով. «Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում: Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, եւ, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»: Սակայն հետաքրքիր է, որ դեռեւս 2020 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանը կիսանախագահական կառավարման համակարգը ձախողվածներից մեկն էր համարել: Մասնավորապես, Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, խոսելով կիսանախագահական համակարգին վերադառնալու հնարավորության մասին, նա նշել էր. «Իմ մոտեցումը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետության երրորդ հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողված կառավարման համակարգ է ունեցել, եւ գործնականում մենք բոլորս իրար հետ տեսել ենք, եւ այն ապացուցվել է։
Հեղափոխության հաջորդ օրվանից կան մարդիկ, եղել են մարդիկ, ովքեր ինձ ասում էին, որ արագ պետք է վերականգնել կիսանախագահական համակարգը։ Ասում էին՝ այն հին համակարգում լավ էր, քանի որ կար նախագահ, վարչապետ, եւ փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքն էր, պատասխանատվությունը վարչապետի ձեռքն էր, հենց պրոբլեմ էր առաջանում, նախագահը իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, նրան գործից հանում էր, եւ բուֆեռ էր առաջանում։ Ընդհանրապես, եթե այս տարբերակը պետք է բացառել Հայաստանի համար, եթե գնում ենք տեսականորեն, ապա պետք է կիսատ որեւէ բան չունենանք. կա՛մ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական համակարգ, կա՛մ ամբողջական նախագահական կառավարման համակարգ, երբ որ նախագահը նաեւ կառավարության ղեկավարն է։ Իմ կարծիքը այն է, որ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք», – ասել էր նա: 2. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը հայտնի հայտարարությունը տարածելիս։ Սակայն հետաքրքիր է, որ իր այս խոսքերին որպես ապացույց նա ոչինչ չներկայացրեց, միայն պնդումներ, որ Սերժ Սարգսյանը թալանչի է, կոռումպացված է, ուղղորդում է Զինված ուժերը։ Նկատենք, որ Փաշինյանն իր ելույթում չտվեց անգամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը, չնայած խոսեց մարտի 1-ի դեպքերից եւ ընդհանրական որակումներ տվեց «նախկին իշխանություններ» ձեւակերպմամբ։ 3. Եվ այս ամենից բացի, ընդդիմադիրի հռետորաբանությամբ ելույթ ունեցող վարչապետը խորհրդարանական ուժերին մարտահրավեր նետեց եւ երկրորդ հնարավորություն տվեց՝ արտահերթ ընտրությունների գնալու համար խոսակցություններ սկսելու մասով։ Տեսնենք՝ այս անգամ պատմությունն ինչով կավարտվի»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ընդդիմությանը զուգահեռ հանրահավաք էր հրավիրել նաև Նիկոլ Փաշինյանը, ինչը նույնիսկ իշխանական կուլիսներում համարում էին «ուժի ցուցադրության հավաք»: Չնայած կիրառված աննախադեպ վարչական ռեսուրսին, Հանրապետության հրապարակում հավաքվածները սակավաթիվ էին, մեծ մասն էլ կա՛մ ոստիկաններ էին, կա՛մ հրապարակ բերված պետական ծառայողներ: Փաստացի, իշխանություններին չհաջողվեց նույնիսկ մոտենալ իրենց ակնկալած քանակին: Իսկ ի՞նչ ասաց Նիկոլ Փաշինյանը: Առավելապես ոչ մի նոր բան. «նախկինների» թեման հասկանալի է, դա մշտական է, ներողություն խնդրեց՝ վստահ, որ դա բավարար է, բայց հանրահավաքի իմաստն, ըստ էության, մեկն էր. Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը յուրատեսակ «գործարք» առաջարկեց, այսպես ասած՝ «թասիբի» գցեց՝ եթե վստահ եք, որ ժողովուրդն իմ հրաժարականն է պահանջում, եկեք գնանք արտահերթ ընտրությունների: Միևնույն ժամանակ ուշագրավ էր կիսանախագահական համակարգի անցնելու թեզը. փաստացի, Փաշինյանը ակնարկեց, որ արտահերթի չգնալու դեպքում ինքը կդիմադրի մինչև աշուն, Սահմանադրության մեջ փոփոխություններ կանի, կանցնի կիսանախագահական համակարգի ու այդ դեպքում կանցկացվեն նախագահական ընտրություններ:
Սակայն այս ամենը ներկայացվեց իրեն յուրահատուկ պաթոսով, բղավոցներով, մասսային իրենով անելու իր ունակությամբ ու, ամենակարևորը, մեծագույն պոպուլիզմով, որն այս իշխանության միակ հաջողված կողմն է: Դրա վկայությունն էր արտահերթի պարագայում իբր նախապես մտածված նախընտրական լոզունգը՝ «Վերջ թավիշին»: Իբր, որովհետև, ի վերջո, փետրվարի 25-ին հենց ինքն էր խոստովանել, որ իր կողմնակիցներն ուզում են լսել հենց այդ լոզունգը: Հանրահավաքից հետո սոցցանցերի նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օգտատերերը հավաքը մեծամասամբ գնահատում էին որպես անասելիք, դատարկախոսությամբ և առավելապես կեղծ թեզերով բեմականացված շոու, որն առաջին հերթին ուղղված էր իր թիմին՝ ցույց տալու, թե ինքը ամուր կանգնած է ոտքի վրա: Ի դեպ, ուշագրավ է, որ թե՛ հավաքի ընթացքում, թե՛ հատկապես ավարտից հետո, երբ Փաշինյանը հարյուրավոր ոստիկաններով շրջապատված (տպավորություն կար, որ նրանք մասնակիցներից շատ են), քայլերթ սկսեց, Հանրապետության հրապարակից շատերն արագ բարձրանում էին Բաղրամյան պողոտա՝ միանալու ընդդիմությանը»:
«168 ժամ» թերթը գրում է. «Սեփական խոսնակի շուրթերով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Իսկանդերի» մասին իր սկանդալային հայտարարության պատճառն այն է, որ իրեն «ճիշտ չի զեկուցվել»։ «Հայաստանի վարչապետն առկա փաստերի եւ տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»,- ասել է նրա խոսնակը: Այսինքն՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը մտել է մեծ ավանտյուրայի մեջ, որից, ինչպես նրա բոլոր քայլերի դեպքում, տուժում է Հայաստանի անվտանգությունը։ «Իսկանդերի» չկրակելու մասին Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ակնհայտորեն թաքնված նպատակներ ուներ․ դրանով նա կամ ինչ-որ ուղերձ էր հղում, օրինակ, Արեւմուտքին՝ ակնկալելով ստանալ, ասենք՝ քաղաքական աջակցություն, կամ պարզապես փորձում էր վարկաբեկել Ռուսաստանին՝ դրա դիմաց ինչ-ինչ դիվիդենտներ ստանալով։ Այդ հայտարարությունից հետո, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի ակնկալիքները չեն արդարացել, Արեւմուտքից նա չի ստացել այն, ինչի համար դիմել էր նման ավանտյուրայի։ Իսկ ռուսական գրեթե բոլոր շրջանակներից ստացված, մեղմ ասած, խիստ արձագանքը Նիկոլ Փաշինյանին դրել էր ուղղակի պատային վիճակում։ Եվ ահա այդ իրավիճակից նա որոշեց դուրս գալ՝ Հայաստանի զինված ուժերի, բանակի հերթական հեղինակազրկման հաշվին։ Խոսնակի հայտարարությունում չի հասցեավորվում, սակայն ակնհայտ է, որ վարչապետին «ճիշտ չզեկուցել» կարող էին միայն Զինված ուժերից, Գլխավոր շտաբից։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն իր խայտառակ ու վտանգավոր հայտարարության պատասխանատվությունը դնում է Գլխավոր շտաբի վրա, ու դա անում է այն պահին, երբ բոլոր հնարավոր միջոցներով ցանկանում է պաշտոնանկ անել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։
Բայց իրավիճակի ողբերգականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը՝ իր կարծիքով՝ նման խորամանկությամբ չոր դուրս գալով իրավիճակից, միեւնույն ժամանակ խոստովանում է, որ ինքը Հայաստանում այլեւս իշխանություն չունի։ Երկրի ղեկավարը, որին կարող են «սխալ զեկուցել» պետության զինանոցում առկա ամենահզոր զենքի օգտագործման մասին, հասկանալիորեն, այլեւս չի տիրապետում իշխանությանը։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական կողմի առաջ արդարանալու համար զոհաբերելով Հայաստանի զինված ուժերին, խոստովանում է սեփական անիշխանության, իրավիճակին չտիրապետելու մասին։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության շուրջ երեք տարիների ընթացքում հետեւողականորեն կազմաքանդել է պետությունն ու պետականությունը, պետական կառավարման բոլոր համակարգերը։ 44-օրյա պատերազմի միջոցով նա կարողացավ մեծագույն հարված հասցնել նաեւ Հայաստանի ամենակայացած համակարգին՝ բանակին։ Բայց նա դրանով չի սահմանափակվում եւ պատերազմից հետո էլ շարունակում է բանակը հեղինակազրկելու իր հակապետական քայլերը։ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել բանակին, բոլոր նրանց, ովքեր դեռեւս փորձում են փրկել պետության ու պետականության վերջին մնացորդները։ Նրա հաղթանակն այդ պատերազմում նշանակելու է Հայաստանի պետականության վերջնական կորուստ՝ ամբողջացնելով Ադրբեջանի՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 22-ին լրացել է Դիլիջանի երկարամյա համայնքապետ Արմեն Սանթրոսյանի լիազորությունների ժամկետը։ Օրենքով նա պետք է նշանակվեր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն Նիկոլ Փաշինյանի հրամանով փետրվարի 26-ին Դիլիջանի քաղաքապետի ԺՊ է նշանակվել ավագանու անդամ, իր սեռը ձեւաթղթում «արու» գրած ոմն Դավիթ Սարգսյան։ Նա, ըստ մամուլի տեղեկությունների, նախինում բենզալցակայանի աշխատակից է եղել՝ «զապռավչիկ»։ Մեզ պատմեցին, որ Սարգսյանը Հաղարծին գյուղից է, շինանյութի խանութ ունի, բայց նրա՝ քաղաքապետ նշանակվելու հիմնական արժանիքն այն է, որ նա Փաշինյանի եղբորորդու՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի մտերիմն է։ Հարազատ գյուղում առանձնապես սիրով ու հարգանքով չեն լցված նրա հանդեպ, ասացին՝ մտեք գյուղ, հարցրեք, բազմաթիվ ուշագրավ, նրան ոչ դրական բնութագրող պատմություններ կպատմեն ձեզ։ Դիլիջանի արդեն նախկին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն էլ մեզ ասաց, որ ինքն այս հարցով դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու իրեն ԺՊ չնշանակելու որոշումը։ Ըստ նրա, դա սահմանադրական կարգի խախտում է։ Մենք տեղեկացանք, որ Սանթրոսյանի հետ միասին եւս յոթ համայնքապետ է այս հարցով դիմել ՍԴ՝ մեկ միասնական դիմումով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանն օրեր առաջ բռնություն է կիրառել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի որդիներից մեկի նկատմամբ: Մեր տեղեկություններով՝ միջադեպի պատճառ է եղել հենց այն հանգամանքը, որ տղան իմքայլական պատգամավորի որդին է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ, թե ինչ է եղել գյուղապետի եւ պատգամավորի որդու միջեւ: Մեր հարցմանն ի պատասխան՝ Քրիստինե Պողոսյանը հաստատեց, որ նման միջադեպ է եղել, սակայն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել՝ երեւույթը թողնելով առանց մեկնաբանության: Զրուցեցինք նաեւ Պտղնիի գյուղապետ Վիրաբյանի հետ, ով փորձեց հերքել, թե որեւէ միջադեպ չի եղել: «Ե՞ս եմ ծեծի ենթարկել, ես առաջին անգամ եմ լսում այդ մասին: Ոչ մի միջադեպ էլ չի եղել, առաջին անգամ եմ լսում այդ մասին Ձեզանից»: Ամեն դեպքում, որքան էլ Պտղնիի գյուղապետը հերքեց տեղի ունեցածը, իշխանական պատգամավոր Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ միջադեպով զբաղվում է ոստիկանությունը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության չինովնիկները երեկ Փաշինյանի հանրահավաքին մարդկանց բերելու տարբեր «խրախուսական» միջոցների էին դիմել։ Որոշ համայնքներում գումար էին բաժանել, մյուսներում՝ խոստացել, որ «նիսյայի տետրերում» պարտքերը կզրոյացնեն։ Իսկ, օրինակ, Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի անունից որոշել էին մարտի 1-ի հանրահավաք եկողներին կերակրել՝ գյուղերից Երեւան մեկնող ավտոբուսներում քյաբաբ էին հյուրասիրում, որ մարդիկ ուրախ-զվարթ՝ քյաբաբ ուտելով գան Երեւան՝ միտինգի։ Միտինգը մի քիչ տխուր էր, իհարկե, Փաշինյանի ելույթը շատերը չէին լսում՝ մարդիկ հոգնել են նույն տեքստերից ու անապացույց հայտարարություններից»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Թե՛ փետրվարի 25-ին, թե՛, առավել ևս, երեկ Փաշինյանի հրավիրած հանրահավաքներին մասնակցություն ապահովելու համար, ինչպես հայտնի է, գործի էր դրվել ամբողջ վարչական ռեսուրսը՝ նախարարություններ, մարզպետարաններ, համայնքապետարաններ, դպրոցներ, մնակապարտեզներ, այլ պետական հաստատություններ, այս ամենին գումարած՝ իշխանության «սրտի» օլիգարխները: Բայց այնպիսի աննախադեպ ծավալով են վարչական ռեսուրս կիրառել, որ, շատերի համոզմամբ, այս ամենին «հասնելու» համար նախկինները «շատ հացուպանիր պիտի ուտեին»: Սակայն մենք անընդհատ տեղեկություններ էինք ստանում, որ պետական կառույցների շատ աշխատակիցներ պարզապես հրաժարվել են ենթարկվել իրենց շեֆերի անօրինական հրահանգներին: Ավելին, մեր հավաստի տեղեկություններով, շատերը պարզապես ազատման դիմումներ են գրել, որոշ տեղերում կառույցների ղեկավարներն են հոխորտացել, թե չենթարկվողները թող դիմում գրեն, գնան: Սակայն այն բանից հետո, երբ ազատման դիմումների քանակը սպառնալից չափերի է հասել, այդ մասին զեկուցել են Նիկոլ Փաշինյանին, և որոշվել է կտրուկ քայլեր չձեռնարկել, մարդկանց «փշի-փշի» անել, որպեսզի հավելյալ աղմուկ չբարձրանա: «Ասել են՝ դրանց հարցերը հետո կլուծենք, էս ամեն ինչից դուրս գանք, նոր: Առանց այն էլ վիճակներս վիճակ չէ»,փոխանցեց մեր աղբյուրը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սփյուռքը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով: Մասնավորապես՝ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը մտավախություն ունի, որ եթե երկու կողմերից հավաքների կազմակերպումը շարունակվի, ապա դա կարող է հանգեցնել բախումների: Սասունյանը «Ժամանակ»-ին ասաց, որ այս պահին Սփյուռքը կարող է ընդամենը խորհուրդ տալ, բայց, ցավոք, որևէ մեկը այդ խորհրդի կարիքը չունի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի կենսագրականից որոշ մանրամասներ են ի հայտ եկել. նախկինում պարտքերով ապրողը այսօր ոչ միայն պարտքերն է վերադարձնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ստացավ այն մասին, որ 2008 թվականին, երբ որպես քաղհալածյալ Պողոսյանը Հայաստանից փախել է եւ հաստատվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մինչ այդ հասցրել է Հայաստանում պարտքեր կուտակել։ Նույն լուրերի համաձայն՝ դեռ այն ժամանակ Պողոսյանը պարտքով գումար է վերցրել կնոջ բարեկամներից, հարեւաններից, ընկերներից եւ հետ չի վերադարձրել: Իսկ ԱՄՆ-ում, ըստ ականատեսների, Պողոսյանը տաքսի է վարել։ Հիմա նա, Հայաստանում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելով եւ ամսական մոտ 400 հազար դրամ ստանալով, սկսել է պարտքերը մարել եւ ոչ միայն: Մեր ստացած այս տեղեկությունների ստուգման հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գնաց Կենտրոն վարչական շրջանի շենք՝ անձամբ զրուցելու թաղապետի հետ եւ պարզելու իր մասին մեր ստացած լուրերի իսկությունը։ Սակայն Ավետ Պողոսյանը մեզ համար ժամանակ չգտավ եւ գործավարուհու միջոցով փոխանցեց, թե չի ուզում խոսել։ Այսպիսով, մենք ոչ միայն չկարողացանք ստանալ թաղապետի պարտքերին վերաբերող տեղեկությունների պատասխանները, լսել իսկությունը, այլեւ նրա տեսլականը չիմացանք՝ որպես տաքսու նախկին վարորդի, ոլորտի պրոֆեսիոնալի, թե ինքն ինչ ծրագրեր ունի Փոքր կենտրոնի տաքսու վարորդների համար, ինչ նորարարություններ է մտածել գերծանրաբեռնված Կենտրոնի համար նախկին տաքսու վարորդը։ Ի դեպ, Ավետ Պողոսյանի մորաքրոջ որդին Երեւանի քաղաքապետի աշխատակազմի քարտուղարի ԺՊ Դավիթ Համբարյանն է. բարեկամներով տեղավորվել են չկոռումպացված քաղաքապետարանում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երեկ փակ նիստում դրական եզրակացություն է տվել «Իմ քայլից» հեռացած պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Վարդան Աթաբեկյանի շրջանառած հայտարարության նախագծին, որով առաջարկում են դատապարտել գերության մեջ գտնվող զինվորականների ու քաղաքացիականների վերադարձին խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը: Հեղինակները պնդում են` պահելով գերիներին` Ադրբեջանը քաղաքականացնում է մարդասիրական գործընթացը, ձգձգելով նրանց վերադարձը` խախտում ստանձնած միջազգային պարտավորությունները, ուստի պետք է արժանանա միջազգային հանրության եւ իրավապաշտպան կազմակերպությունների խիստ գնահատականին ու դատապարտմանը: Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանական պատգամավորները փորձել են այս նախաձեռնությունն իրենցով անել, սակայն հեղինակները չեն համաձայնել։ Բայցեւ չեն կարողացել դեմ գնալ, ինչպես անում են ընդդիմության մյուս նախաձեռնությունների հետ կապված, քանի հասարակությունը չէր հասկանա։ Փաստ է, որ «Իմ քայլի» 80-ից ավելի պատգամավորները, հետպատերազմական խնդիրներով զբաղվելու փոխարեն, լծված են ընդդիմության դեմ պայքարին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որի օրակարգը հաստատվեց երեկ կայացած խորհրդի նիստի ժամանակ՝ սահմանելով նաև քննարկման հարցերի հաջորդականությունը։ Եվ թվում էր, թե առաջնային հարցերի մեջ պետք է ընդգրկված լինեին իրավիճակից բխող անհրաժեշտ նախագծեր, բայց՝ ոչ։ Առաջնային են համարվել, օրինակ, «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող, ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության և այլ հարցեր։ Ու տպավորություն է, որ խորհրդարանի ղեկավարությունը առաջնային և երկրորդական հարցերը տարբերակելու խնդիր ունի»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն կհանվի պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից և կհանձնվի առողջապահության նախարարությանը՝ ապահովելու ուռուցքաբանական ծառայության բարելավումը և շարունակական զարգացումը: Պետությունը իր այս քայլով ցույց է տալիս, թե որքանով է իր համար կարևոր առողջապահության ոլորտը և դրա կայուն զարգացումը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է 2021թ. ևս թույլատրել սիգի արդյունաբերական որսը Սևանա լճում: Ամբողջ տարվա համար նախատեսված է 250 տոննա ձկան որսի թույլտվություն: Կառավարությունը համարում է, որ Սևանում ձկան պաշարներն այնպիսին են, որ այդ քանակի որսը չի վտանգի ձկնային պաշարները»: