Դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը ՀՔԾ անգործության մասով. Արա Զոհրաբյան
2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հիշեցնում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը նշված հաղորդումը ուղարկել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ հատուկ քննչական ծառայությունը խուսափել էր քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելուց, այդ հաղորդումը կցելով մեկ այլ քրեական գործի նյութերին:
"Հատուկ քննչական ծառայության այս անգործությունը բողոքարկվել էր դատարան:
Դատարանն (դատավոր Հ.Մանուկյան) այսօր որոշել է՝
«Արա Զոհրաբյանի և Արմինե Ֆանյանի կողմից ներկայացված բողոքը բավարարել: Ճանաչել Արա Զոհրաբյանի և Արմինե Ֆանյանի իրավունքների և ազատությունների խախտումը: Վարույթն իրականացնող մարմնի համար սահմանել պարտականություն վերացնելու դրանք՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները»:
Դատարանն ըստ էության հաստատել է, որ դատախազությունը և հատուկ քննչական ծառայությունը խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները:
Թե ինչու են ՀՀ դատախազությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խուսափում պետական դավաճանության փաստով քրեական գործ հարուցելուց, առանձին քննարկման հարց է",- ասված է Զոհրաբյանի հայտարարության մեջ: