Ձեռնարկել կոնկրետ քայլեր Արցախի և ՀՀ անվտանգության համար. կոնգրեսականների կոչը Բայդենին
ԱՄՆ 20 նահանգներից ավելի քան 100 կոնգրեսականներ կոչ են արել նախագահ Ջո Բայդենի վարչախմբին ձեռնարկել կոնկրետ քայլեր Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության հարցերում: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը:
«Պետքարտուղարին և ՊՆ-ին հասցեագրված նամակում ընդգծված է տարածաշրջանային ճգնաժամի լրջությունը, որի պատճառն է Ադրբեջանի և Թուրքիայի վեցշաբաթյա անողոք ագրեսիան անցած տարի աշնանը. առաջարկվում են անհապաղ միջոցներ ԱՄՆ հետեւյալ քաղաքական առաջնահերթությունների շրջանակում.
- ԱՄՆ-ի կողմից արտակարգ օգնություն, որը տրամադրում է Արցախի բնակիչներին հնարավորություն վերականգնել իրենց համայնքներն ու կյանքն առանց հետագա արյունահեղության վախի:
- ԱՄՆ-ի մասնակցության վերականգնում ամուր տարածաշրջանային կարգավորման փնտրտուքի գործում, որը հիմնված է ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա, որը կպաշտպանի Արցախի անվտանգությունն ու կօգնի ապահովել, որ եւս մեկ պատերազմ չսանձազերծվի:
- ԱՄՆ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և նրա դերը՝ որպես օրինական կողմ այդ հակամարտությունը կարգավորելու բանակցություններում:
- ԱՄՆ-ի առաջնորդությունը հայ գերիների անհապաղ ազատագրումն ապահովելու գործում:
- ԱՄՆ-ի պատասխանատվությունը, ներառյալ պատժամիջոցներն ընդդեմ ադրբեջանցի և թուրք բարձրաստիճան առաջնորդների, Բաքվին օգնություն ցուցաբերելուց հրաժարումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հայկական խմբի նամակը նախաձեռնել են կոնգրեսական Ֆրենք Փալոնեն, Գաս Բիլիրաքիսը, Ջեքի Սպեյերը, Դեւիդ Վալադաուն և Ադամ Շիֆը: