ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու մասին» Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Ըստ այդմ՝ առաջարկվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են ընդունելության քննությունների եւ մասնագիտությունների հայտագրման գործընթացին, անցկացման ժամկետներին եւ հայտագրման եղանակին։
Գործող կարգով սահմանված է, որ դիմորդներն ընդունելության դիմում-հայտը եւ փաստաթղթերը հանձնում են այն բուհում, որի մասնագիտությունն ընդունելության դիմում-հայտում հայտագրել են առաջինը: Նախագծով ամրագրվում է հայտագրման, փաստաթղթերի ներկայացման առցանց եղանակը՝ ընդունելության քննությունները կազմակերպող եւ անցկացնող Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կայքի միջոցով։ Այս կարգավորումը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ եւ կանոնակարգված դարձնել գործընթացը:
Գործող կարգով դիմորդները դիմում-հայտում հայտագրում են մինչեւ 2 անվճար եւ մինչեւ 8 վճարովի մասնագիտություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 5-րդ, 6-րդ տեղերում հայտագրված մասնագիտություններով բուհ ընդունվում են շատ քիչ դիմորդներ, իսկ 7-րդ տեղից հետո հայտագրված մասնագիտություններով ընդունելություն լինում է գրեթե բացառիկ դեպքերում: Բացի դրանից՝ 8 մասնագիտություն հայտագրելը նվազեցնում է մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելու հնարավորությունը, քանի որ դիմորդները, հաճախ նախընտրած մասնագիտությունից բացի, հայտագրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք պարզապես ունեն նույն մրցութային քննությունները: Արդյունքում՝ բազմաթիվ դիմորդներ, դուրս մնալով նախընտրած մասնագիտության մրցույթից, ընդունվում են այլ մասնագիտություններով:
Նախագծով սահմանվում է, որ բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է հիմնական եւ լրացուցիչ փուլերով: Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է բացառապես մեկ մասնագիտության (անվճար եւ վճարովի) հայտագրմամբ: Դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի եւ մեկ մասնագիտության անվանումը, տվյալ մասնագիտությամբ սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները: Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհերի մինչեւ վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկաներից դիմորդն ունի դրական գնահատականներ, եւ այդ մասնագիտություններում (անվճար եւ վճարովի) առկա են թափուր տեղեր: Այսպիսով՝ հայտագրման այս եղանակը հնարավորություն է տալիս մասնագիտական հստակ կողմնորոշում ունեցող դիմորդներին ընդունվել բուհ՝ իրենց նախընտրած մասնագիտությամբ։
Մասնագիտության հայտագրումն անցկացվում է երկու փուլով` առաջին եւ երկրորդ: Առաջին փուլն ընդգրկում է ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող եւ նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից նախընտրած մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումը, իսկ երկրորդ փուլը՝ հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ երկքաղաքացիների եւ օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների, զորացրված կամ տվյալ տարվա մինչեւ հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումը։
Նախագծով հստակեցվել են նաեւ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվելու արտոնություններ ունեցող դիմորդների խմբերը, ներկայացվող պահանջները եւ դեպքերը: Սահմանվել է արտոնություն մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած եւ զորացրված դիմորդների համար, այն է՝ զորացրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ընդունելության քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվելու հնարավորություն՝ ըստ ՀՀ կառավարության հաստատած տեղերի: Տվյալ մասնագիտության գծով բանակից զորացրվածների համար անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում զորացրված դիմորդն անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:
Հավելենք, որ 2012 թվականից առ այսօր ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի ընդունելության գործընթացը կարգավորվել է Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ բացառությամբ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ: