Ճանապարհների ապաշրջափակման գործընթացում առաջնայինն անվտանգության հարցն է. փոխվարչապետ
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման օրակարգը դեռ ձևավորված չէ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նրա խոսքով, օրակարգի ձևավորման համար նախ պետք է հանդիպում լինի, իսկ այս պահին հանդիպումը հունվարի 11-ի օրակարգի, մասնավորապես՝ օրակարգի 4-րդ կետի շրջանակում է լինելու:
Անդրադառնալով այն մտահոգություններին, թե ապաշրջափակումն այդ ճանապարհները դարձնում է վտանգավոր, մանավանդ եթե հաշվի առնենք, որ դրանց մեծ մասն անցնելու է Ադրբեջանի տարածքով, Գրիգորյանն ասաց, որ սա բարդ աշխատանք է ու դեռ շատ հարցեր կան, որոնք վերլուծման ու կարգավորման կարիք ունեն: Բայց ինքը հնարավոր համարում է.
«Բազմաթիվ բաղադրիչներ այդ հարցի հետ կապված կան և առաջնային անվտանգության հարցը: Համոզված եմ, որ խնդրի լուծման համար այդ բոլոր բաղադրիչները պետք է մանրամասն ենթարկվեն փորձաքննության, որ ձեւավորվի համակարգ, որն իսկապես կաշխատի»,- արձագանքեց նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով: Հանդիպումը նխատեսված է հունվարի 30-ին, Մոսկվայում: