Հայտնի է՝ որքան մարդ է արցախյան պատերազմի հետևանքով ստացել հաշմանդամություն
Արցախի պատերազմի հետևանքով առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած անձանց թիվը, ըստ կատարված ուսումնասիրությունների, չի գերազանցում 1000-ը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ նրանցից արդեն 200 քաղաքացի անցել է բժշկասոցիալական փորձաքննություն և ստացել է հաշմանդամության խումբ։
«Գործընթացը շարունակվում է ամեն օր՝ մեր նախանշած տարբերակով՝ այցելելով բուժհաստատություններ և իրականացնելով տնայցեր։ Միաժամանակ, կարող եմ ընդգծել, որ այդ ծանր դեպքերի մասով ամպուտացված անձանց քանակը չի գերազանցում 120-ը, որոնք անհրաժեշտություն են ունենալու պրոթեզավորման իրականացման։
Առկա տեղեկատվության հիման վրա, մենք նաև վերհանել ենք այն անձանց շրջանակը, ովքեր ունեն ծանր վիրավորում։ Մեր աշխատակիցներն այդ անձանց տվյալների հիման վրա իրականացնում են կապ, որպեսզի հաշմանդամության խմբի գործընթացն ավելի արագ տեմպերով իրականացվի»,- ասաց նախարարը։
Արցախյան պատերազմում թեթև վիրավորում ստացած զինծառայողները 500 000 դրամի չափով միանվագ օգնություն կստանան: Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում։
«Շահառու է համարվում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, որը չունի հաշմանդամության խումբ կամ ունի կամ կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ»,-նշված է որոշման հիմնավորումներում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը պարզաբանեց՝ կան բազմաթիվ զինծառայողներ, ովքեր ունեցել են թեթև վիրավորումներ, սակայն գտնվելով բուժհաստատությունում սոցիալական խնդիրներ են կուտակել։ Ընդհանուր առմամբ նման 6 000 զինծառայողներ կան։
Դիմումը անհրաժեշտ է ներկայացնել մինչ ապրիլի 15-ը էլեկտրոնային ձևով։