Կորոնավիրուսի «բրիտանական» շտամի մահացության բարձր մակարդակը, որի մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, կարող է կապված լինել առողջապահության համակարգի ծանրաբեռնվածության հետ:
Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ուրբաթ օրը Ջոնսոնը հայտնել է, որ հայտնաբերված կորոնավիրուսի մուտացիան 30 տոկոսով ավելի մահացու է, քան նախկինում հայտնի նոր տիպի կորոնավիրուսը, եւ մինչեւ 70 տոկոս ավելի վարակիչ: Նա նաեւ ասել է, որ Բրիտանիայում լոքդաունի ռեժիմից մոտալուտ դուրս գալու մասին խոսք լինել չի կարող, քանի որ կորոնավիրուսով վարակման մակարդակը դեռեւս չափազանց բարձր է: Խոշոր քաղաքներում հիվանդանոցները չեն հաղթահարել հիվանդների հոսքը:
«Եթե ձեզ մոտ աճում է վիրուսի փոխանցման արագությունը, դուք ավելի շատ դեպքեր կունենաք (վարակման – խմբ.)։ Ես գիտեմ, որ դա կարող է ակնհայտ թվալ, բայց եթե դուք ավելի շատ դեպքեր ունեք, ձեզ մոտ աճում է հոսպիտալացումների թիվը... այն իրավիճակում, երբ կա գերբեռնվածություն (առողջապահության համակարգեր – խմբ.), կմեծանա մահայնությունը, քանի որ համակարգը ծանրաբեռնված է», - ասել Է Վան Կերխովան ճեպազրույցի ժամանակ:
Կորոնավիրուսի նոր տարբերակի՝ VUI-202012/01-ի մասին դեկտեմբերի 14-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը: Ենթադրվում է, որ այն կարող է մարդուց մարդուն փոխանցվել SARS-CoV-2-ի սովորական տարբերակից 50-70 տոկոսով ավելի արագ:
Գիտնականները նշել են, որ նոր մուտացիան ավելի շատ ազդում է երեխաների վրա եւ ավելի ակտիվ է փոխանցվում նրանց կողմից: Բրիտանացի բժիշկների խոսքով՝ այժմ վիրուսի այս տարբերակը բնակչության շրջանում «հիմնական» Է դարձել:
ԱՀԿ-ի տվյալներով՝ կորոնավիրուսի «բրիտանական» տարբերակը հայտնաբերվել է արդեն 60 երկրներում։ Շատ պետություններ կասեցրել են տրանսպորտային հաղորդակցությունը Թագավորության հետ։
Անգլիայում հունվարի սկզբից մտցվել է ազգային լոկդաուն, որն արդեն երրորդն է եւ նույնքան խիստ, որքան առաջինը: Վարակման աճն աստիճանաբար նվազում է, սակայն կառավարությունը չի բացառում, որ երկրում կարանտինը կարող է երկարաձգվել մինչեւ մարտի վերջը, իսկ սահմանափակող միջոցներն էապես խստացվել են: