25.11.2024
Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է. ՊՆ
prev Նախորդ նորություն

Արցախն ընդունել է զինծառայողների կյանքին պատճառված վնասների հատուցմանն առնչվող նախագիծը

Արցախի Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է գումարել: Օրակարգում եղել է 3 հարց, այդ թվում՝ «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Այն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Արցախի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը:


Նրա փոխանցմամբ՝ օրենքի նախագծի փոփոխությունը կապված է 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով Հիմնադրամի շահառուների թվի և ապահովագրական հատուցումների չափի ավելացմամբ:


Նախագծով առաջարկվում են՝


. ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգ, համաձայն որի կախված եկամտի չափից դրոշմանիշային վճար վճարողները կվճարեն 1500-ից մինչև 15000 ՀՀ դրամի չափով դրոշմանիշային վճար, իսկ անհատ ձեռնարկատերերը՝ սկսած 18000 դրամից մինչև 180000 դրամ,


· կամավորականների հատուցում ստանալու իրավունքի ապահովման դեպքերում անձը Կառավարության որոշմամբ սահմանված կարգով դիմի պաշտպանության նախարարություն, ստանա տեղեկանք, որի հիման վրա արդեն կարող է դիմել հատուցման հիմնադրամին և ստանալ հատուցում,


· զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում:


Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել 2020թ. սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների նկատմամբ, իսկ դրոշմանիշային վճարների գանձումը իրականացնել 2021թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանի համար:


Նախագծի քննարկումից և ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:


«Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով էլ առաջարկվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1 տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո:


Օրենքի կարգավորումները կտարածվի 2020թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:


Խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքի նախագիծը: