Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան գործը չի կարճվել, նախաքննությունը շարունակվում է: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։
Նրա խոսքով՝ քրեական գործը հարուցվել է «ինքնասպանության հասցնելը» հոդվածով, քանի որ այլ հոդվածով քրեական գործ հարուցելու հիմքեր չեն եղել։
Իրավապահները փամփուշտներից ավելի քան 30 պարկուճ են գտել
Գեորգի Կուտոյանի մարմինը հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2020թ.հունվարի 17-ին՝ Երեւանի նրա բնակարանում։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են փամփուշտների եւ փամփուշտների 30-ից ավելի պարկուճ, ինչպես նաեւ "Glock 34" տեսակի ատրճանակ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «ինքնասպանության հասցնելը» հոդվածով, սակայն քննվել է նաեւ սպանության վարկածը։
2020 թվականի հունվարի 20-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ մասնագետները Կուտոյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերել։ Կուտոյանը 2016-2018 թթ. ղեկավարել է ԱԱԾ-ն։
Ինքնասպանություն անձնական դրդապատճառներով
Գեորգի Կուտոյանն ինքնասպանություն է գործել զուտ անձնական դրդապատճառներով։ Նման հայտարարությամբ հանդես է եկել նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Կուտոյանի այրին՝ Հասմիկ Բիշարյանը, խնդրել է առանց հարազատների համաձայնության չհրապարակել ինքնասպանության դրդապատճառների մասին տեղեկատվությունը։ «Գեորգի Կուտոյանի այրին՝ Հասմիկ Բիշարյանը, նման խնդրանքով դիմել է քննչական մարմնին», - ասել էր Գրիգորյանը՝ հավելելով, որ Կուտոյանի կնոջ հայտարարությունը հաշվի առնելով՝ կարող է միայն հայտնել, որ ինքնասպանությունը կատարվել է զուտ անձնական դրդապատճառներով: «Ես չեմ կարող չակերտներ բացել, քանի որ կա զոհի իրավահաջորդի հայտարարություն», - ասել էր Գրիգորյանը:
ՔԿ նախագահը նաև նշել է, որ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է մոտ 10 դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են ավելի քան 90 վկաներ: Նրա խոսքով՝ պահանջվել է նաեւ մուտքային եւ ելքային հեռախոսազանգերի փորձաքննություն։