Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանի երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյաի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է մամուլում շրջանառվող Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցի մասին լուրերը:
Ավելի վաղ 168.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ դեկտեմբերի 18-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր Մոսկվայում՝ ԲՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար, նրա և Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տևական (շուրջ մեկ ժամ տևողությամբ) հեռախոսազրույց է տեղի ունեցել։
«Զրուցակիցները հարցերի լայն շրջանակ են քննարկել. դրանք առնչվել են Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրներին հետպատերազմական իրողությունների ներքո, տարածաշրջանային հնարավոր զարգացումմերին, Հայաստանում ստեղծված քաղաքական և տնտեսական իրավիճակին», - ասված է հրապարակման մեջ։
Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է երկրորդ Նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, որն այդ օրը ևս գտնվում էր Մոսկվայում։ Սողոմոնյանը չի հերքել տեղեկությունը՝ միևնույն ժամանակ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել զրույցից կամ որևէ կերպ մեկնաբանել այն։
«Հ. Գ. Ի թիվս այս թեմայի շուրջ այլ հարցերի մենք փորձում էինք պարզել թե ինչո՞ւ են Պուտինը և Քոչարյանը սահմանափակվել հեռախոսազրույցով՝ առերես հանդիպման փոխարեն, ինչպես դա բազմիցս եղել է անցած տարիներին։
Սակայն Դմիտրի Պեսկովի երեկվա հայտարարությունն այն մասին, որ ՌԴ Նախագահը պատրաստվում է պատվաստում ստանալ COVID-19-ից, ինչպես նաև Պուտինի՝ հեռավար հրապարակային հանդիպումների առատությունը պարզ դարձրեցին այդ հարցի պատասխանը։ Ըստ ամենայնի, մինչ պատվաստումը նրա առերես հանդիպումների քանակը հասցված է հնարավոր նվազագույնի», -ասված է հրապարակման մեջ։