23.11.2024
Դեկտեմբերի 31-ից կգործի թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը
prev Նախորդ նորություն

Լավրովն ու Չավուշօղլուն Սոչիում կքննարկեն Ղարաբաղում էսկալացիայի ռիսկերի նվազեցումը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին դեկտեմբերի 24-ի ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է EADaily-ն։


Չավուշօղլուն կայցելի Սոչի՝ մասնակցելու ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակում գործող ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին, ասել է Մարիա Զախարովան:


Ինչպես նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում, Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն կքննարկեն տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների լայն շրջանակ, «պետք է ժամերի ընթացքում ճշտումներ անցկացվեն Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի, Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի, Ուկրաինայի, Սեւծովյան տարածաշրջանի իրադրության վերաբերյալ»: Բացի այդ, նախատեսվում է մշակել հարցեր, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման հետ։


«Շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերի նվազեցման եւ կողմերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վրա», - ընդգծել Է Զախարովան:


Նշվում է, որ երկու երկրների նախարարների ուշադրության կենտրոնում կլինի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեության կարգավորումը:


Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են հասել Ղարաբաղում հրադադարի վերահսկողության համատեղ կենտրոնի ստեղծման շուրջ, դեկտեմբերի 1-ին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:


«2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության եւ Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարարության միջեւ ստորագրված հուշագրի համաձայն՝ համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման եւ գործունեության կարգի վերաբերյալ», - տեղեկացրել է Կոնաշենկովը:


Կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում։ Համատեղ կենտրոնի կազմակերպչական կառուցվածքում ռուսական եւ թուրքական անձնակազմի թիվը հավասարազոր կլինի, ընդգծել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունում:


Ավելի վաղ Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը հուշագիր էին ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության համատեղ կենտրոն ստեղծելու մասին:


ՌԴ Պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ մոնիթորինգային կենտրոնի ստեղծման մասին որոշումը «թույլ կտա հուսալի վերահսկողություն իրականացնել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման նկատմամբ եւ ամուր հիմք կձեւավորի երկարատեւ հակամարտության կարգավորման համար»:


Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին:


Ադրբեջանական և հայկական կողմերը պետք է մնան պատերազմի 44 օրերի ընթացքում գրավված դիրքերում, հակամարտության տարածաշրջանում տեղակայված են ռուս խաղաղապահներ։ Նախատեսված էր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ գտնվող մի շարք շրջաններից հայկական զորքերի դուրսբերման ժամանակացույց։