Հայաստանում ձևավորվել է բավականին ծանր թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական իրավիճակ, որը հանգեցրել է լրջագույն ճգնաժամի: Այս մասին «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության հրավիրած քննարկմանը հայտարարեց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը:
Նրա խոսքով, ակնհայտ է, որ իշխանությունն այսօր չունի այն հսկայական աջակցությունը, որն ուներ 2,5 տարի առաջ և այս պարագայում խոսել երկրում կայունության մասին այնքան էլ իրատեսական չէ: Միակ ելքն այս վիճակից դուրս գալու համար արտահերթ ընտրություններն են, բայց արդյոք Նիկոլ Փաշինյանի թիմը կարո՞ղ է դրանք անցկացնել այնպես, ինչպես ցանկանում է:
«Մենք պետք է անենք ամեն ինչ, որ իրավիճակը երկրում դուրս չգա վերահկսողությունից, և դա վերաբերում է բոլոր կողմերին: Երեկվա հանրահավաքում ընդդիմադիր 17 ուժերը կոշտացրեցին իրենց դիրքորոշումն ու հայտարարությունների մակարդակը: Ես կարծում եմ, որ ծայրահեղական տրամադրություններ ունեցող անհատներն ու խմբերը չպետք է դա ընդունեն որպես պատգամավորների հետ հաշվեհարդար տեսնելու ազդակ, թեև արդեն նկատելի է, որ հենց այդպես էլ ընդունվել է»,- ասաց նա:
Բալասանյանը վստահ է՝ Փաշինյանը հրաժարական տալու է, դա ընդամենը ժամանակի հարց է: Բայց քննարկումն այսօր գնում է սցենարների շուրջ՝ նա կփոխանցի իշխանությունը ժամանակավոր կառավարությանը, թե՞ որոշակի երաշխիքներ ստանալու դեպքում միայն՝ իր ու իր ուժի համար:
«Փաշինյանի հրաժարականը անխուսափելի է»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացմանը, որի մասին խոսում է նաև իշխանությունը, ապա Բալասանյանը նշեց, որ Փաշինյանին այստեղ ևս խնդիր է սպասվում, քանի որ վարչական ռեսուրսը ամբողջովին իր ձեռքերում չէ ու իրեն չի աջակցում.
«Այսինքն, մի բան է ձգտել կազմակերպել ընտրությունները, այլ բան է՝ արդյոք կարող ես հաջողության հասնել, հաշվի առնելով, որ, ըստ էության, վարչական ռեսուրս ասվածն էլ ամբողջությամբ քեզ չի աջակցում: Եվ վերջին իրադարձությունները հենց դա ցույց տվեցին»,- ասաց Բալասանյանը:
Փոփոխություններ են սպասվում, ըստ բանախոսի, նաև արտաքին քաղաքական կուրսի վերանայման ու վերաիմաստավորման գործում: Ըստ Բալասանյանի, ժամանակն է, որ մենք հասկանալի լինենք թե՛ մեր գործընկերների, թե՛ դաշնակիցների համար:
«Վերջապես պետք է արտաքին քաղաքականության հայեցակարգ ընդունվի, որում հստակ կամրագրվի, որ Հայաստանը հրաժարվում է կոմպլեմենտար քաղաքականությունից: Ժամանակն է վերանայել այդ մոտեցումը, քանի որ երկու լարի վար խաղալու կուրսը իրեն չարդարացրեց»,-հավելեց նա:
Իր հերթին, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը նշեց, որ ամեն գնով անհրաժեշտ է Հայաստանում կանխել ներքաղաքական իրավիճակի էլ ավելի անկայունացումը: Հատկապես հաշվի առնելով, որ դա ձեռնտու է արտաքին որոշ ուժերի ու մեր թշնամիներին.
«Ներքաղաքական այս ճգնաժամի միակ լուծումը սահմանադրական ճանապարհով է և սա պետք է հասկանա թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը»,- շեշտեց նա:
Նա նկատեց, որ քաղաքական բավականին լուրջ փոփոխություններն այլևս անխուսափելի են և մոտ հեռանկարում են, բայց դա պետք է տեղի ունենա էվոլյուցիոն, այլ ոչ թե հեփախոխական ճանապարհով. «Հայաստանին այլևս պետք է չէ փողոցից եկած իշխանությունը»,- ընդգծեց նա:
Ղուկասյանն անդրադարձավ նաև վտանգավոր որոշ երոևւյթների, որոնք նկատելի են հետպատերազմյան այս օրերին՝ առանձին խմբեր փորձում են հակառուսական և հակաարցախյան տրամադրություններ բորբոքել, ինչն անթույլատրելի է: Նա նշեց, որ կան հիմնավոր կասկածներ, որ այդ ամենը ուղորդվում է ներիշխանական արևմտյան թևից, բայց դրանք իրենց մեջ լուրջ սպառնալիքներ են պարունակում, հետևապես պետք է կանխվեն.
«Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը ՀՀ անվտանգության հարցում անվիճելի է: Եվ պաշտոնական Երևանը անհապաղ պետք է քայլեր ձեռնարկի բոլոր ուղղություններով հայ-ռուսական հարաբերությունների խորացման համար»,- հավելեց նա: