24.11.2024
Կարմիր խաչի նախագահը պատմել է Ղարաբաղում դիերի որոնման գործընթացի դժվարությունների մասին
prev Նախորդ նորություն

Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել ԼՂ-ում խաղաղապահների հարցում

Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ տարաձայնություններ են առաջացել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հետ կապված, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Հակասությունները կապված են միասնական համակարգող կենտրոնից անկախ դիտակետ բացելու թուրքական կողմի ցանկության հետ։


Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, նոյեմբերի 11-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները հուշագիր են ստորագրել համատեղ մոնիթորինգային կենտրոն ստեղծելու մասին, որը վերահսկողություն է իրականացնելու Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Այն կտեղակայվի Ադրբեջանի տարածքում։ Միաժամանակ ռուս խաղաղապահները տարածաշրջանում 23 դիտակետ են տեղակայել։


Reuters-ի տվյալներով՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ համատեղ մոնիթորինգային առաքելության պարամետրերի շուրջ բանակցությունները շարունակվում են: Սակայն Անկարան պնդում է ստեղծել սեփական դիտակետ, անկախ համատեղ մոնիթորինգային կենտրոնից։ "Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիայի համար պարտադիր չէ դիտակետ տեղադրել տարածաշրջանում, որը անկախ է Միացյալ կենտրոնից։ Սակայն դա սկզբունքային է Թուրքիայի համար", - մեջբերում է գործակալությունը թուրքական կողմի զրուցակցի խոսքը ։


Այդ հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում, եւ Թուրքիան փոխզիջումային լուծման հույս ունի, ճշտել է աղբյուրը:


Նոյեմբերի 9-ին ստորագրված Երեւանի, Բաքվի եւ Մոսկվայի միջեւ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը տարածաշրջանում նախատեսում էր միայն ռուս խաղաղապահների ներկայությունը՝ որպես ռազմական գործողությունների դադարեցման եւ անվտանգության երաշխավոր: Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում էր, որ տարածաշրջանում ներկա կլինի նաև թուրքական զորակազմը։