23.11.2024
Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը արագ կվերականգնվեն․ Արցախի ԱԻՊԾ
prev Նախորդ նորություն

Գերմանիայի խորհրդարանն ընդունել է «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու առաջարկը

Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերից հետո Գերմանիայում ընդդիմադիր և իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ բազմաթիվ նախաձեռնություններով հանդես եկան՝ արգելելու թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությունը։


Նոյեմբերի 19-ին Բունդեսթագում քննարկման է դրվել օրենքի երկու նախագիծ, որոնցից մեկը ներկայացվել է Ձախակողմյան կուսակցության, իսկ մյուսը` Կանաչների կուսակցության և Ազատ դեմոկրատների կողմից, հայտնում է ermenihaber.am-ը։


Գերմանիայում կառավարություն ձևավորած «Քրիստոնեական միություն կուսակցությունը», «Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը», ինչպես նաև «Կանաչների կուսակցությունը» և «Ազատ դեմոկրատներ կուսակցությունը» աջակցություն են հայտնել և ընդունել երկրորդ օրինագիծը։


Ընդունված օրինագծում դաշնային կառավարությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Եվրոպայում «Գորշ գայլերի» ազգայնամոլական շարժման ազդեցությունը ճնշելու ուղղությամբ, հետևել Գերմանիայում նրանց գործունեությանը, ուսումնասիրել կազմակերպությունների արգելման հիմքերը, իրազեկել հանրությանը և հաստատություններին այդ շարժման թիրախների վերաբերյալ և օգտագործել իրավական բոլոր հնարավորությունները ծայրահեղականների քարոզչությանը հակազդելու համար։


Նշենք, որ Գերմանիայում կազմակերպությունների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշում կայացնելու լիազորությունները պատկանում են Ներքին գործերի նախարարությանը։ Բունդեսթագում ընդունված նշյալ որոշման վերաբերյալ Գերմանիայի ՆԳՆ-ն դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։


Գերմանիայում «Գորշ գայլերի» թևը համարվող «Գերմանիայի դեմոկրատական իդեալիստական թուրքական կազմակերպությունների համադաշնության» կազմում կա 170 կազմակերպություն՝ շուրջ 7․000 անդամով։ Այս համադաշնությունը ամենամեծ ծայրահեղական-աջակողմյան կազմակերպությունն է այդ երկրում։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես որոշեց երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։