Ուկրաինայի հայերը 100 տոննա հումանիտար բեռ են ուղարկել Հայաստան
Ուկրաինայի հայերը շարունակում են հումանիտար օգնություն ցուցաբերել Հայաստանին: «AnalitikaUA.net»-ը տեղեկացնում է, որ նախօրեին Երևանում դիմավորել են 100 տոննա հումանիտար բեռով 5 բեռնատար՝ բերված Ուկրաինայից: Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը նշել է, որ ևս 40 տոննա հումանիտար օգնություն պատրաստվում է:
Արդեն հայրենիքին տրամադրված օգնության մեջ շտապօգնության մեքենաներ են, ռեանիմոբիլներ, գեներատորներ, բժշկական սարքավորումներ, սննդամթերք, հագուստ և այլն: «Ուկրաինայի հայերի միության կողմից ավելի քան 2 հազար 500 մարդ ամեն օր ապահովվում է սննդով և անհրաժեշտ պարագաներով: Ավելի քան 100 ընտանիք ապահովվել է կացարանով»,-նշել է Հովակիմ Հարությունյանը:
Պատերազմի առաջին իսկ օրերից Կիևում և Երևանում աշխատում են Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբերը, որոնք օգնություն են տրամադրում հայրենակիցներին: