Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով խախտվում է 33 հազար մարդու կրթության իրավունք
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով խախտվում է շուրջ 33 հազար Արցախցի քաղաքացու կրթության իրավունքը: Այդ մասին այսօր Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Փոխնախարարի խոսքով, նրանք հնարավորություն չունեն իրենց կրթության իրավունքն իրացնելու մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում, բուհերում: «Դրանից բացի, մենք ուսումնական հաստատություններում ունենք զգալի ավերածություններ: Վերջին տվյալների համաձայն, շուրջ 61 դպրոց և 10 մանկապարտեզ զգալիորեն վնասվել են: Այն ենթակառուցվածքները, որոնք կրթության իրավունքի վերականգնման հնարավորություն են ընձեռում, լուրջ բարեկարգման անհրաժեշտություն ունեն»,- ասաց նախարարի տեղակալը:
Անդրեասյանը նաև նկատել է, որ կրթության իրավունքի խախտման, և այս իմաստով բռնության թիրախ են դառնում նաև ՀՀ-ի սահմանամերձ համայնքների սովորողները:
«Պատերազմական գործողությունների սանձազերծման առաջին իսկ օրվանից, ելնելով անվտանգության նկատառումներից, սահմանամերձ համայնքների երեխաների կրթությունը կազմակերպվեց հեռավար եղանակով: Շուրջ 10 հազար սովորողներ չկարողացան ուսումնական հաստատություններ հաճախել արդեն իսկ սեպտեմբերի 28-ից», - ասել է նա՝ հավելելով, որ եղել են նաև դպրոցների թիրախավորման դեպքեր Հայաստանում, մասնավորապես, Գեղարքունիքի մարզում:
«Մենք տեսնում ենք շարունակական թիրախավորում, բռնություն: Երբ խոսում ենք երեխաների հանդեպ բռնությունից, ապա շատ կարևոր է գիտակցել, որ պատերազմական այս դրությունը մեծապես վտանգում է նրանց իրավունքները: Այս շարունակական բռնությունը, կրթության իրավունքի ոտնահարման հետ մեկտեղ, դպրոցականների հոգեկան առողջության հետ կապված լրջագույն խնդիրներ է առաջացնում: Այսօր ոտնահարված են երեխաների տարրական իրավունքները», - ընդգծեց Ժաննա Անդրեասյանը: