Ռուսաստանը կարող է արգելել Ադրբեջանից բանջարեղենի ներկրումը
Ռոսսելխոզնադզորը հնարավոր է համարել սահմանափակումներ կիրառել՝ Ադրբեջանից վնասատուներով բուսական արտադրանքի մատակարարումների դեպքում: Այս մասին ասված է ռուսաստանյան գերատեսչության հաղորդագրության մեջ, հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Ռոսսելխոզնադզորը համառորեն առաջարկել է ադրբեջանական գերատեսչությանը խստացնել վերահսկողությունը ՌԴ ուղարկվող բուսական արտադրանքի նկատմամբ: Հետագայում հայտնաբերելու դեպքում ծառայությունը ստիպված կլինի սահմանափակումներ կիրառել Ադրբեջանից ներկրվող այն ապրանքատեսակների նկատմամբ, որոնցում հայտնաբերվում են կարանտինային վնասատու օրգանիզմներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դրանից բացի, ինչպես նշել են Ռոսսելխոզնադզորում, Ադրբեջանի սննդի անվտանգության գործակալության ներկայացուցիչների հետ կայացած բանակցությունների ընթացքում ռուսաստանյան կողմը խնդրել է ադրբեջանական գործընկերներին տրամադրել մանրամասն տեղեկատվություն նախկինում իրենց ուղարկած ծանուցումների կապակցությամբ եւ հարցում է կատարել Ադրբեջանի տարածքում աճեցվող, ինչպես նաեւ այլ երկրներից ներմուծվող բուսական ծագման արտադրանքի ծավալների վերաբերյալ:
Ռոսսելխոզնադզորը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի եւ ԵԱՏՄ այլ երկրների համար Ադրբեջանից ներմուծվող պտուղաբանջարեղենային արտադրանքում կարանտինային օբյեկտների հայտնաբերման հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ: Այսպես, 2020թ. սկզբից գրանցվել է 76 նման դեպք, որոնցից յուրաքանչյուրի համար ադրբեջանական կողմին ծանուցումներ են ուղարկվել:
Ռոսսելխոզնադզորի ներկայացուցիչները նշել են, որ լոլիկներում կարանտինային օբյեկտի հայտնաբերումը կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանից Ռուսաստան ներմուծվող բանջարեղենների մի մասը այլ երկրների ծագում ունի:
Փորձագետները հայտնում են, որ 2019թ-ին Ադրբեջանը Ռուսաստան է արտահանել $516 մլնի միայն միրգ և բանջարեղեն։ Հնարավոր սահմանափակումը, մանավանդ, այս սեզոնին, լուրջ հարված կարող է լինել Ադրբեջանի տնտեսությանը։