ՀՊՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվորեն քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:
Նա այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է «Սպուտնիկ Բելառուսը»: «Այս տարածաշրջանում (Լեռնային Ղարաբաղում) խաղաղապահության ակտիվ քննարկում է ընթանում», – ասել է գլխավոր քարտուղարը:
Ինչպես նշել է Զասը, նա հանգամանալից զրույց է ունեցել պետության ղեկավարի հետ այն իրավիճակի մասին, որը ստեղծվում է ՀԱՊԿ տարածաշրջանում: Մասնավորապես, կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման, Ղրղզստանում և Բելառուսում տիրող իրավիճակի մասին:
Իր հերթին, Բելտա գործակալության հաղորդմամբ, կազմակերպությունում նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումից հետո պաշտոնական դիմումներ ՀԱՊԿ մշտական աշխատանքային մարմիններին հայկական կողմից չեն ստացվել: Միևնույն ժամանակ ՀԱՊԿ Մշտական խորհրդին ներկայացվել է ՀՀ վարչապետի ուղերձը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները:
Ավելի վաղ գլխավոր քարտուղարն արդեն անհանգստություն էր հայտնել հակամարտության սրման կապակցությամբ։ ՀԱՊԿ-ն կոչ է արել հակամարտության կողմերին հասնել խաղաղ կարգավորման և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից:
Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան, կազմակերպության բարձրագույն մարմինն է: Խորհրդի կազմում ընդգրկված են անդամ պետությունների ղեկավարները։ Նրա նիստերին կարող են մասնակցել արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: