25.11.2024
Իսրայելի գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենքի վաճառքն արգելելու մասին հայցը
prev Նախորդ նորություն

Պատրիարք Կիրիլը կոչ է արել օգնել Արցախում արյունահեղության դադարեցմանը

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը Հայաստանի և Ադրբեջանի միջեւ, ինչպես նաև դիմել է երկրների կրոնական առաջնորդներին նպաստել արյունահեղության դադարեցմանը: Այդ մասին ասված է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում հրապարակված հաղորդագրությունից:


«Դիմում եմ երկու երկրների պետական ղեկավարությանը՝ հրադադարն օգտագործելու կոչով՝ հարցերի լուծումը քաղաքական հուն տեղափոխելու համար։ Հանուն երկու հարևան ժողովուրդների ապագայի կոչ եմ անում պահպանել հրադադարի ռեժիմը և այն օգտագործել խաղաղ բանակցությունների համար», - գրել է պատրիարք Կիրիլը։


Նա դիմել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին:


«Մենք ձեզ հետ, սիրելի եղբայրներ, մեծ ճանապարհ ենք անցել՝ աշխատելով այն ուղղությամբ, որ այդ դիմակայությունը չստանա միջկրոնական հակամարտության բնույթ, որպեսզի խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով։ Այսօր մեզանից յուրաքանչյուրը և բոլորս միասին պետք է անենք հնարավորը, որպեսզի արյունահեղությունը դադարի», - նշել է Ռուս եկեղեցու ղեկավարը։


Պատրիարք Կիրիլը նաև կոչ է արել հակամարտության բոլոր մասնակիցներին «խնայել միմյանց կյանքը»:


«Թող արյունալի հաշվեհարդարի ժամանակաչափը կանգ առնի հանուն խաղաղ ապագայի։ Հայաստանը և Ադրբեջանը պատմականորեն եղել և կլինեն հարևաններ, ադրբեջանցիներ և հայեր ամեն դեպքում կողք կողքի են ապրելու», - եզրափակել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը։