ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Թուրքիայի սադրիչ քաղաքականությունը մեր տարածաշրջանում
Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ քաղաքականությունը մեր տարածաշրջանում և կարևորում տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ բոլոր ուժերի համագործակցությունը։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության հասցեին։
Ակնհայտ է՝ Թուրքիան, որի անմիջական մասնակցությամբ նախապատրաստվեց եւ շարունակվում է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը եւ ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից։
Չսահմանափակվելով Մերձավոր Արեւելքից ահաբեկիչ զինյալների, ռազմական սպառազինության ու մասնագետների մատակարարմամբ Ադրբեջանին` Թուրքիան ստանձնել է նաեւ ս․թ․ հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՀՀ, ԱՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների մակարդակով ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության դրույթների տապալման նպատակով Ադրբեջանի սանձազերծած տեղեկատվական եւ քաղաքական արշավի հովանավորչությունը։
Այդ ամենի հետեւում ակնհայտ երեւում է Թուրքիայի ձգտումը մի շարք այլ հարեւան տարածաշրջաններից հետո, վերածելու նաեւ մեր ողջ տարածաշրջանը հարթակի իր ծավալապաշտական նկրտումների դրսեւորման համար։
Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ քաղաքականությունը մեր տարածաշրջանում եւ կարեւորում տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ բոլոր ուժերի համագործակցությունը»։