Պուտինը դեռ չի ծրագրում Ղարաբաղի հարցով շփումներ Բաքվի և Անկարայի հետ. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս հստակ ծրագրեր չունի բանակցություններ վարելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Սակայն պատերազմը տարածաշրջանում շարունակվում է, և իրադարձությունները զարգանում են արագ, ուստի դժվար է կանխատեսել: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Եթե դա անհրաժեշտ լինի՝ դրանում որևէ կասկած չկա, նախագահ Պուտինը, իհարկե, կքննարկի այս թեման իր գործընկերների հետ», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե առաջիկայում արդյոք պլանավորվում են ամենաբարձր մակարդակով Ալիևի կամ Էրդողանի հետ բանակցություններ:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք այս շաբաթ սպասել նման բանակցություններ, Պեսկովը նշել է. «Հստակ ծրագրեր դեռ չկան»:
«Գիտեք, մենք խոսում ենք պատերազմի մասին: Եվ, իհարկե, այնտեղ՝ Ղարաբաղում, իրավիճակը շատ արագ զարգանում, ուստի դժվար է կանխատեսել: Կախված հանգամանքներից, կձևավորվի նաև երկխոսության անհրաժեշտություն», - ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը:
Կրեմլի խոսնակը շեշտել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մշտական կապի մեջ է Ադրբեջանի ու Թուրքիայի իր գործընկերների հետ:
«Ուստի ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական երկխոսությունը, ինչպես ռուս-հայկական երկխոսությունը, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրականացվում է բարձր մակարդակով և շարունակական», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը: