27.11.2024
Մինգեչաուրի ուղղությամբ հարձակումը Ադրբեջանի հերթական կեղծիքն է. ՊՆ
prev Նախորդ նորություն

«Քեզ հետ եմ, Հայաստան». Եվգենի Կիսինը իր աջակցությունն է հայտնել Հայաստանին

Հանրահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը, որի կատարումները երաժշտասեր հայ հասարակությունը բազմիցս վայելել է <<Երևանյան հեռանկարներ>> միջազգային երաժշտական փառատոնի հրավերով, իր աջակցությունն է հայտնել մեր երկրին:


«Ինստագրամի» իր էջում երաժիշտը գրել է.


«Քեզ հետ եմ, Հայաստան»: Նա հրապարակել է տեսանյութ, որում կատարում է Կոմիտասի «Կռունկը»: Տարիներ առաջ Կիսինը The New York Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հրաժարվում է համերգներով հանդես գալ Թուրքիայում այնքան ժամանակ, քանի դեռ թուրքական կառավարությունը չի ճանաչել 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունները որպես Ցեղասպանություն:


«Ես հավատում եմ, երբ մարդիկ նման պետություններում իմանան, որ որոշ երաժիշտներ հրաժարվում են համերգներ ունենալ, քանի որ նրանց դուր չի գալիս այն, ինչ անում են այդ երկրների ղեկավարները, դա մտավորականներին ավելի գիտակից կդարձնի»,- ասել էր Կիսինը:


<<Երևանյան հեռանկարներ>> միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակներում Հայաստան են ժամանում աշխարհահռչակ մենակատարներ, նվագախմբեր և երաժիշտներ բազմիզս արձագանքել են հասարակական և քաղաքացիական մարտահրավերներին միջազգային մակարդակում՝ հավուր պատշաճի ներկայացնելով մշակութային դիվանագիտության փափուկ ուժը:


Այս դժվարին պահին ևս մեկ անգամ հանրահռչակ երաժիշտները իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին: Աշխարհի ամենահզոր ներուժը արվեստն է, մշակույթը, մշակութային հաղորդագրությունները հասկանալի են բոլոր լեզուներով և հոգևոր արժեքները կապում են բոլոր մարդկանց: