28.11.2024
Միայն հաղթանակն է բացառապես այն ավարտը, որ պատկերացնում ենք այս պայքարի վերջում. վարչապետ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ու Թուրքիան կեղծ էջերի միջոցով ապատեղեկատվություն են տարածում. ԱԱԾ

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայկական լրատվական կայքերի, սոցիալական ցանցերի հայկական օգտատերերի կոտրված հաշիվների, ինչպես նաև հայկական անուններով ստեղծված կեղծ էջերի միջոցով ապատեղեկատվություն տարածելու դեպքերը։


Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծվել է ՀՀ հանրային հեռուստաընկերության կեղծ էջ (Armenian Soldier անվանումով), որի նպատակն է, ստահոդ լուրեր տարածելով, խուճապ առաջացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակչության շրջանում։


Համացանցում առկա են նաև հայալեզու ադրբեջանական կայքեր (.az տիրույթում), որոնք պատրաստված են հայկական լսարանի համար և տարածում են ակնհայտ սուտ տեղեկություններ՝ դարձյալ խուճապային տրամադրություններ ստեղծելու նպատակով:


Սիրելի՛ հայրենակիցներ,


Անհրաժեշտ է չօգտվել նման տեղեկատվական աղբյուրներից, ցուցաբերել զգոնություն, համանման տեղեկությունները չփոխանցել միմյանց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանց տարածումը բացառապես միտված է մեր համազգային միասնությունը խաթարելուն և պետությունը թուլացնելուն:


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ օրենսդրությամբ իրեն տրված ողջ գործիքակազմը կիրառելով՝ հետամուտ է լինելու ստահոդ լուրեր տարածողներին, հասարակությանը պառակտող և խուճապ սերմանող սադրիչներին (провокатор) հայտնաբերելուն և օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելուն:


Միաժամանակ, հորդորում ենք խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման պահանջները: