24.11.2024
Հայաստանը պահանջում է ՌԴ-ից վերանայել գազի պայմանագիրը
prev Նախորդ նորություն

Բաքուն խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. վիրավորվել է ՊԲ զինծառայող

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:

Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը՝ կրակելով ինչպես դիպուկահար զենքերից, այնպես էլ նռնականետերից:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը, ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կատարել է 106 խախտում: Իրավիճակը կայունացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին պատասխանել են 23 անգամ:

Հակառակորդի խախտումների հետևանքով վիրավորվել է ՊԲ 1 զինծառայող: Ղարաբաղյան ուժերը շարունակում են ուշադիր հետևել մարտագծում տիրող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում դիմում հակաքայլերի:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում:

Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 74 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: