ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայրարությանը
Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Հայաստանը շարունակաբար մերժել և դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը և Թուրքիայի անմիջական ներգրավումը Հայաստանի և Արցախի դեմ մարտական գործողություններում: Ադրբեջանի և Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը՝ նշանակալիորեն բարձրացնելով լայնածավալ պատերազմի վտանգը: Արցախի դեմ այս ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի:
Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Մենք ցավում ենք և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին սպանվածների և վիրավորների մասին։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պարտավորություններ ստանձնել բարեխղճորեն և առանց նախապայմանների առաջադրման վերսկսելու կարգավորման էական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»,- ասվախ է հայտարարության մեջ: